Նոր ֆիլմ Արցախյան հակամարտության մասին` «Վերադարձ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս հեռուստալրագրող Սվետլանա Կուլչիցկայան ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի պատվերով հեղինակել է Արցախյան հակամարտության վերաբերյալ ֆիլմ:

1992-1994 թթ. պատերազմի տարիներին Սվետլանա Կուլչիցկայան Արցախում էր, և արցախցիների հետ հավասար վերապրելով պատերազմի բոլոր դժվարություններն ու զրկանքները՝ նկարահանել է երեք ֆիլմ` «Ապրեք» («Живите», 1992թ.), «Գնդակոծությունից հետո» («После обстрела», 1992թ.), «Խաղաղության գինը» («Цена покоя», 1994թ.): Հենց այս ֆիլմերի հերոսների ճակատագրին է նվիրված «Վերադարձ» նոր վավերագրական ֆիլմը:

Ֆիլմի գաղափարախոսությունը կառուցվում է մեկ գլխավոր մտքի շուրջ. միայն խաղաղ կյանքը կարող է ապահովել մարդու ստեղծագործ ապագան և դարձնել հայրենի հողը ծաղկուն այգի: Արցախը արդեն 27 տարի անընդմեջ հենց դա է ապացուցում համաշխարհային հանրությանը:

90-ականների պատերազմը վերապրած մարդկանց, նրանց երեխաների ու թոռների ճակատագրերը ներկայացնելու միջոցով ֆիլմը լիարժեք պատկերում է Արցախի ներկայիս կյանքը: Ներկայացվում են այն հնարավորությունները, որ ստեղծել է խաղաղությունը՝ չնայած ադրբեջանական կողմի ագրեսիվ ցանկություններին և ռազմական գործողություններին, որոնցով հակառակորդը փորձում է խաթարել հանրապետության կենսագործունեությունը, ինչն այստեղ ապրող մարդկանց կյանքն ավելի դրամատիկ է դարձնում:

Առանձին անհատների միջոցով ներկայացված է արցախյան առօրյան, մարդկային ոգու վեհությունը և հայրենիքում արարելու ծարավն ու ձգտումը:




Լրահոս