Երևանի քաղաքապետարանը գնել է աղբատար մեքենաներ. կնքված պայմանագրի մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանը, ի վերջո, ձեռք է բերել երկար սպասված աղբատար մեքենաները:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Երեւանի քաղաքապետարանը ապրիլի 26-ին պայմանագիր է կնքել «Կամազ Արմենիա» ընկերության հետ եւ ձեռք բերել 5 հատ աղբատար մեքենա: Ընդհանուր արժեքը կազմել է 236 մլն դրամ, իսկ պայմանագրի կատարման վերջնաժամկետը հունիսի 1-ն է:

Այսպես, մեզ հայտնի դարձավ, որ գնվել է աղբատար մեքենա` հետեւի բարձմամբ` КО-440, որի արժեքը կազմել է 42 մլն դրամ: Բացի այս, քաղաքապետարանը ձեռք է բերել նաեւ 2 հատ աղբատար մեքենա` հետեւի բարձմամբ` КО-440B, ընդհանուր արժեքը կազմել է 88 մլն դրամ: Իսկ, ահա, հետեւի բարձմամբ աղբատար 3 հատ մեքենայի` KO-440B1-01-ի համար ծախսվել է 106 մլն դրամ: Նշենք, որ բոլոր ձեռք բերված աղբատար մեքենաները 2019թ.-ի արտադրության են:

Ըստ քաղաքապետարանի` գնման ընթացակարգի ընտրության հիմնավորումը ՀՀ կառավարության 2019 թվականի ապրիլի 18-ի թիվ 434-Ա որոշումն է: Կհիշեք, որ այս թեմայի շուրջ մեծ աղմուկ բարձրացրին Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամները, երբ կառավարության նիստում քննարկվեց «մեկ անձից» գնման ընթացակարգով Երեւան համայնքին աղբատար մեքենաների ձեռքբերումը կազմակերպելու հնարավորություն տալու հարցը: Բանն այն է, որ քաղաքապետարանի` այս տարվա փետրվարին կազմակերպած աղբատար ավտոմեքենաների գնման գործընթացը բողոքարկվել է. հարցը քաղաքապետարանի հայցով գտնվում է դատական վարույթում:

Իսկ ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը հայտարարել էր, որ քաղաքապետարանն առանց մրցութային կարգի մայրաքաղաքի համար արդեն ձեռք է բերել նոր աղբատար մեքենաներ: Նրա խոսքերով` քաղաքապետարանն իրավունք չուներ առանց մրցույթի նոր աղբատար մեքենա գնել: Ավագանու անդամը վստահ է, որ քաղաքապետարանն այդ մեքենաները ձեռք է բերել «Կամազ» ընկերությունից: Փաստորեն, ավագանու անդամը չի սխալվել, քանի որ քաղաքապետարանն այդ մեքենաների ձեռքբերման պայմանագիրը կնքել է հենց «Կամազ Արմենիա» ընկերության հետ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բացի «Կամազ Արմենիա» ընկերությունից մրցույթին մասնակցելու հայտ այլ կազմակերպություն չի ներկայացրել:

Բացի այս, Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարել էր, որ քաղաքապետարանի հայտարարած շուրջ 900 մլն դրամ արժողությամբ 24 աղբատար մեքենաների մրցույթին կարող էր հաղթել միայն «Կամազ Արմենիա» ներկրող կազմակերպությունը: Կարծիքներ էին հնչում, որ մրցույթի տեխնիկական բնութագրերը կարծես գրված լինեն կոնկրետ մակնիշի մեքենայի համար, ինչը խոչընդոտում է այլ կազմակերպությունների մասնակցությանը:

Բայց քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը շտապեց հակադարձել Խաժակյանին` նշելով, որ աղբատար 24 մեքենա ձեռք բերելու մրցույթ կազմակերպելիս որեւէ ընկերության հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք չի դրսեւորվել:

Տեխնիկական բնութագրի մեջ դրվել է շարժիչի այն հզորությունը, որը բավարարում է քաղաքի ռելիեֆի, ճանապարհների եւ աղբահանության այլ պայմաններին: Նաեւ քաղաքապետարանի խոսող ներկայացուցիչը հայտարարել էր, որ մրցույթի հիմքում դրված չափորոշիչներն համապատասխանում են մի շարք այլ մեքենաներ, օրինակ` Iveco-ն, Mercedes-ը, Volvo-ն եւ այլ հայտնի ու ոչ այնքան հայտնի արտադրողներ:

Պարզվում է` մրցույթը հայտարարելուց առաջ քաղաքապետարանը գրավոր ծանուցումներ է ուղարկել հատուկ տեխնիկայի արտադրությամբ եւ ներմուծմամբ զբաղվող ավելի քան 20 ընկերությունների եւ ներկայացուցչությունների` առաջարկելով մասնակցել մրցույթին: Բայց, փաստորեն, մրցույթին մասնակցել է միայն մեկը` «Կամազ Արմենիա»-ն, որն էլ ճանաչվել է հաղթող:

Բայց, մյուս կողմից, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետարանն այս օրերին լծված է «Սանիտեք»-ի հետ կնքված պայամանագրի իրավական հիմքերը ուսումնասիրելու գործընթացին: Քաղաքապետարանի աշխատողներն ամեն կերպ ջանում են իրավական հիմքեր գտնել ընկերության բացթողումների, թերությունների վերաբերյալ, որպեսզի, եթե առաջիկայում բանը հասնի միջազգային դատարանում «վեճի», քաղաքապետարանը որոշման համար ամուր հիմքեր ունենա:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս