Հարց քաղաքացիներից` երեք երեխա ունենալու դեպքում ինչպե՞ս է հաշվարկվում աշխատանքային ստաժը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. 2018թ. հոկտեմբերի 25-ին լրացել է թոշակի անցնելու տարիքս: Բոլոր փաստաթղթերով, լուսանկարով ներկայացել եմ Աջափնյակի սոցիալական բաժին, 10-15 օր սպասելուց հետո նորից ներկայացել եմ սոցապ բաժին: Պարզեցի, որ ճիշտ չէին հաշվարկել ստաժս: Չոբանյան Նունեն շրջանի արխիվի կողմից ներկայացրած ստաժը (1970-1978թթ.)` Ժողկրթության բաժնի մեկ տարին, եւ գործազուրկի կարգավիճակում գտնվելու ժամանակահատվածը չէր հաշվել իմ աշխատանքային ստաժում: 2-րդ անգամ նորից փաստաթղթեր եմ ներկայացրել. նշեմ, որ հասցրել էին նույնիսկ լուսանկարս կորցնել: 2019թ. հունվարին պարզեցի, որ նորից հաշվարկը սխալ են արել: Դիմեցի սոցիալական ծառայության բաժնի պետ Արայիկ Սաֆարյանին: Նշեմ, որ ես միեւնույն ժամանակ ե՛ւ աշխատել, ե՛ւ սովորել եմ. աշխատել եմ գյուղում սեզոնային ամիսներին: Ունեցել եմ 3 զավակ, 16 տարեկանում մեծ տղայիս կորցրել եմ: Խնդրում եմ պատասխանել հետեւյալ հարցերին.

1. երեք երեխաներ ունենալու դեպքում ինչպե՞ս է հաշվարկվում աշխատանքային ստաժը:
2. Ինչպե՞ս են հաշվարկվում գյուղում աշխատած տարիները աշխատանքային ստաժում:

Գոհար Ղազարյան (63 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օերնքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ, տարիքային աշխծատանքային կենսաթոշակի իրավունք տվող 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժի առկայության դեպքում աշխատանքային ստաժում հաշվառվում է նաեւ.
1. գործազրկության նպաստ ստանալու ժամանակահատվածը
2. ծնողներից մեկի` հաշմանդամ երեխային մինչեւ նրա 18 տարին լրանալը խնամելու կամ խնամակալ ճանաչված անձի` առաջին խմբի հաշմանդամին խնամելու ժամանակահատվածը` տասը տարուց ոչ ավելի
3. ծնողներին մեկի` մինչեւ յուրաքանչյուր երեխայի երկու տարին լրանալը երեխային խնամելու ժամանակահատվածը` վեց տարուց ոչ ավելի:

շարունակելի

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության վարչության պետ Ա. Մինասյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` մեկ օրացուցային տարվա համար չի կարող հաշվարկվել մեկ տարուց ավելի աշխատանքային ստաժ:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: 




Լրահոս