Կառավարությունը մերժեց ԲՀԿ-ական պատգամավորին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում մերժվեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի նախաձեռնությունը։ Նա առաջարկում էր փոփոխություն կատարել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 94-րդ հոդվածում եւ այն լրացնել նոր պարբերությամբ, որով կսահմանվի դրույթ այն մասին, որ աշխատողի տարիքը չի կարող հանդիսանալ օրինական արգելք կամ պատճառ աշխատանքային պայմանագիր չկնքելու համար, բացառությամբ այլ օրենքներով կարգավորվող դեպքերի:

Հարցը ներկայացրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ Նա նշեց, որ կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող գործող օրենսգրքի հոդվածը թողնել անփոփոխ:

«Միայն տարիքին վերաբերող մասով արգելքի առանձին դրույթ սահմանելը ընդունելի չէ, քանի որ այդ պարագայում անհրաժեշտ կլինի Օրենսգրքում նման արգելք սահմանել նաեւ սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկ կամ սոցիալական ծագման, գենետիկական հատկանիշների, լեզվի, կրոնի, աշխարհայացքի եւ այլ հանգամանքներով պայմանավորված եւս», – նշեց նա։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, որ թեեւ Սահմանադրությամբ խտրականությունն արգելվում է, սակայն իրենք ահազանգեր ստանում են, որ աշխատաշուկայում խտրականության դրսեւորումներ այնուամենայնիվ տեղի են ունենում: Նա հարց ուղղեց ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանին. «Պարոն Թաթոյան, այս հարցը մենք ոնց պետք է լուծենք»:

Թաթոյանը նշեց, որ այո, կան խտրականության դրսեւորումներ սեռով եւ տարիքով պայմանավորված. Փաշինյանը նկատեց, որ ստացվում է` իսկապես նման խնդիր կա, բայց միայն տարիքով պայմանավորված խնդրին լուծում տալը կնշանակի, որ մյուս խտրականությունները թույլատրվում են.

«Եթե ասում ես՝ էս մի դեպքով չի կարելի խտրականություն անել, առնվազն կարելի է ենթադրել, որ մյուս դեպքերով կարելի է խտրականություն անել: Պետք է սահմանենք բոլոր դեպքերը, որտեղ չի թույլատրվում խտրականություն: Այս առումով նաեւ հեղինակի հետ կարելի է աշխատել, որ ամբողջական տեսքի բերվի», – հավելեց նա։




Լրահոս