Ինչպես հայտնի է, օրերս ԱԱԾ-ն ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում խուզարկություններ եւ ստուգումներ իրականացնելուց հետո տեսանյութ էր հրապարակել` ցույց տալով այնտեղ տիրող բարձիթողի իրավիճակը: Դրանից հետո Արմավիր քրեկատարողական հիմնարկի պետ Խաչիկ Հարությունյանը ՔԿՀ պետի պաշտոնից ազատման դիմում գրեց: Սակայն նկատենք, որ Հարությունյանին համակարգից չհեռացրին, այլ տեղափոխեցին ուրիշ պաշտոնի` հայտնելով, որ ծառայողական քննություն է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Խաչիկ Հարությունյանին համակարգից չհեռացնելն այլ պատճառներ ունի:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն` չի բացառվում, որ Խաչիկ Հարությունյանն առաջիկայում նշանակվի ՔԿ ծառայության պետ Արտյոմ Մխոյանի փոխարեն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից, սակայն նա ասաց, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Մեր այն հարցին` Դուք գոհ եք արդյոք Արտյոմ Մխոյանի գործունեությունց` հաշվի առնելով այն, որ ԱԱԾ-ն օրերս նման բացահայտում կատարեց քրեակատարողական հիմնարկներում, նախարարը դրական պատասխան տվեց: