Փաշինյանին անվստահություն հայտնելու հարց օրակարգում չկա. Գևորգ Գորգիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախկինում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը տեսաուղերձով է հանդես եկել եւ ՀՀ ներկայիս իշխանություններին մեղադրել սահմանադրական կարգի տապալման փորձի համար՝ հայտարարելով, որ քննությունը ժամանակի ընթացքում տեղի կունենա։ ՀՅԴ-ն ընդհանուր ժողովից հետո հանդես եկավ հայտարարությամբ` բավականին կոշտ տոնայնությամբ. «Դաշնակցությունը ստանձնում է ազգային, ժողովրդավարական, սոցիալիստական գաղափարական հենքով քաղաքական առանցք եւ իշխանություն ձևավորելու հանձնառություն՝ ի խնդիր ինքնիշխան, սոցիալական, իրավական և ժողովրդավարական լիակատար պետության կայացման»:

Հատկանշական է, որ ՀՅԴ-ի հետ վերջերս բավականին ակտիվորեն համագործակցում է խորհրդարանական ուժերից «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, եւ պատահական չէ, որ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների իր տարբերակը ներկայացնելիս ԼՀԿ-ն շեշտել էր, որ հաշվի են առել նաեւ ՀՅԴ առաջարկները:

Ինչեւէ,«Ժողովուրդ» օրաթերթը այս մասին խոսել է այն ժամանակ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր, այժմ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանի հետ:

-Պարո՛ն Գորգիսյան, «Աժ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, Սահմանադրական դատարանի որոշմամբ, սահմանադրական ճանաչվեց: Ի՞նչ կասեք այս մասին: Սպասելի՞ ընթացք էր:

-Չեմ կարծում, որ որեւէ պատգամավոր իրավունք ունի Սահմանադրական դատարանի որոշումները մեկնաբանել: Եթե ճանաչվել է, ուրեմն սահմանադրական էր: Ուղղակի այն փուլում, երբ մենք այդ աղմուկը բարձրացրինք, դա հստակ ուղղված էր Ազգային Ժողովը ցրելու դեմ: Այսինքն՝ այն պրոցեսները, որ նախապատրաստվում էին Ազգային ժողովը արձակելու համար եւ ունեին հեղափոխությունը կասեցնելու կամ թուլացնելու նպատակ, որովհետեւ Ազգային ժողովի նոր ընտրություններն էին հեղափոխության տրամաբանական եզրահանգումը: Դրա համար այդ փուլում շատ կարեւոր էր, որ դա չընդունվեր, որովհետեւ դա կարող էր մեծ խոչընդոտ հանդիսանալ օրենքով սահմանված բոլոր ընթացակարգերով Ազգային ժողովը արձակելու համար:

-Կարծիքներ կան, որ հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած մեծ սկանդալը հանգեցրեց նրան, որ ընտրությունները հենց դեկտեմբերին լինեն: Համաձա՞յն եք:

-Չեմ կարող ասել: Ինձ թվում է`դա նախօրոք այդպես էլ պլանավորված էր:

-Ի՞նչ նկատի ունեք` ասելով, որ այդպես պլանավորված էր:

-Պլանավորված էր, որ ընտրությունները այդ փուլում պետք է լինեն: Դա ուղղակի իմ կարծիքն է:

-«Դաշնակցության» այն ժամանակ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով սրան, ասել էր, որ սահմանադրական կարգը տապալելու փորձ է արվել: Չե՞ք կիսում «Դաշնակցության» այս կարծիքը:

-Չեմ կարող մեկնաբանել «Դաշնակցության» որեւէ խոսք:

-Մամուլում շատ է շրջանառվում այն մասին, որ «Դաշնակցությունը» Ազգային ժողովի ընտրություններից մեկ տարի անց, այսինքն` դեկտեմբեր ամսին, պատրաստվում է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել, եւ քանի որ այդ կուսակցությունը ներկայացված չէ խորհրդարանում, դա պատրաստվում է անել Ձեր եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների հետ համագործակցելու միջոցով: Ի՞նչ կասեք այս մասին:

-Մենք երբեւէ նման թեմա չենք քննարկել: Այս պահին մեր օրակարգում իսկապես նման բան չկա:

-Բացառո՞ւմ եք, որ կլինի հետագայում:

-Քաղաքականության մեջ չի կարելի ինչ-որ բան բացառել, բայց այս պահին չկա նման քննարկում, նման մտադրություն, եւ, առհասարակ, պարոն Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցը, կարծում եմ, երկար ժամանակ դեռ քաղաքական օրակարգում չի լինի, եթե, իհարկե, ինչ-որ ֆորսմաժորներ տեղի չունենան, սկանդալային բաներ:

-Այնուամենայնիվ, հայտնի է, որ ինչ-որ հարցերի շուրջ համագործակցում եք «Դաշնակցության» հետ: Էլի հանդիպումներ ունեցե՞լ եք: Ի՞նչ հարցեր են քննարկվել:

-Եղել է մի հանդիպում «Դաշնակցության» հետ: Պայմանավորվել ենք, որ երկրի համար կարեւոր հարցերում կարող ենք համատեղ քննարկումներ ունենալ, եւ հայտնել ենք մեր պատրաստակամությունը «Դաշնակցությանը» հուզող հարցերով կամ նախագծերով նաեւ աջակցել, որովհետեւ մենք խորհրդարանական ուժ ենք, իսկ նրանք համաշխարհային ցանցով 4 տոկոս հավաքած կուսակցություն են` 128 տարվա պատմություն ունեցող: Այդ ամեն ինչը հաշվի առնելով`մենք գտնում ենք, որ ցանկացած ռեսուրս պետք է օգտագործել` ի շահ Հայաստանի Հանրապետության:

-Ի՞նչ ընդհանուր հարցեր կան, որոնց շուրջ համակարծիք եք:

-Այս պահին քննարկել ենք կառավարության կառուցվածքի հարցը: Նրանցից ստացել ենք գրավոր առաջակներ, որոնցից մի դրությն ընդգրկել էինք մեր ներկայացրած փաթեթի մեջ: Այլ որեւէ բան չկա: Այս պահին դրանով սահմանափակվել ենք: Մենք հայտարարել ենք, որ բաց ենք արտախորհրդարանական բոլոր ուժերի հետ համագործակցության: Մեկ անգամ հանդիպում ենք ունեցել «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչների հետ: Նրանք ներկայացնում էին անցումային արդարադատության իրենց տեսլականը,կառուցողական քննարկում ունեցանք:

Լուսինե Մինասյան




Լրահոս