Մանե Թանդիլյանը դիմել է ԱԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, 2018 թվականի նոյեմբերի 14-ին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից հրաժարական ներկայացրեց Մանե Թանդիլյանը, որ հիմա ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր է:

Մինչեւ պաշտոնից հեռանալը Մանե Թանդիլյանը Ազգային անվտանգության ծառայություն դիմում է ներկայացրել` նախկին նախարարի` Արտեմ Ասատրյանի պաշտոնավարման օրոք տեղի ունեցած առերեւույթ չարաշահումների ու վատնումների վերաբերյալ:

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Թանդիլյանը դիմում է ներկայացրել այն մասին, որ նախկին նախարարը եւ ՍԱՊԾ նախկին պետը որոշումներ են կայացրել, որոնց արդյունքում մոտ 50 միլիոն դրամի չարաշահումներ են եղել:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել անձամբ Մանե Թանդիլյանից` հարցնելով, թե արդյոք նա Արտեմ Ասատրյանի գործունեության մասին դիմում է ներկայացրել ԱԱԾ: «Ձեր ձեւակերպումնեի սկիզբը տարօրինակ է հնչում, այս պահին չեմ կարող մտաբերել, բայց ես, պարգեւատրումների օրինականությունը հարցականի տակ դնելով, տեղեկատվություն եմ ներկայացրել Ազգային անվտանգության ծառայություն»,- ասաց նախկին նախարարը:

Մինչ այդ արձանագրենք. ՀՀ իշխանությունները պատերազմ են հայտարարել կոռուպցիային` միաժամանակ վեր հանելով նախկինների չարաշահումները: Միայն թե զարմանալի է փաստը, որ համառ լռություն է նախկին նախարար Արտեմ Ասատրյանի գործունեությունը ստուգելու առումով:

Մասնավորապես, կասկածներ կան արտագաղթը կանխելու համար ԵՄ-ից տրամադրված 1 մլն դրամի ծախսման արդյունավետության հարցով: «Ժողովուրդ» օրաթերթը նախկինում բազմիցս առիթ ունեցել է անդրադառնալու այս թեմային` տեղեկացնելով, որ 2013 թվականի գարնանը արտագաղթի կամ, այլ կերպ ասած, անօրինական միգրացիայի դեմ պայքարելու համար Եվրամիությունը 1 միլիոն եվրո տրամադրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը, սակայն այդպես էլ հանրությանը անհասականալի մնաց, թե Արտեմ Ասատրյանի ղեկավարած գերատեսչությունն ինչպես հաջողացրեց նշված գումարն այնպես ծախսել, որ դրանից արտագաղթի տեմպերը ոչ թե նվազեցին, այլ շեշտակի ավելացան:

Ավելին` նախարարության գործունեության մասին բացահայտումներ է անգամ իրականացրել Վերահսկիչ պալատը, եւ այսպես շարունակ, սակայն նախկին իշխանությունների օրոք մշտապես դատարանի առաջ են կանգնել մանր ձկները, իսկ խոշորները լավ էլ լողում են քաղաքական հորձանուտներին համընթաց:

Քնար Մանուկյան




Լրահոս