Ռուսական իշխանությունների ընկերոջը Հայաստանը նեղացրել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտահանման ծավալներն այս տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 8.6 տոկոսով, ներմուծմանը` 3.1 տոկոսով: Թե ինչն է ստեղծված իրավիճակի պատճառը, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց տնտեսագետ Գագիկ Մակարյանից:

-Պարո՛ն Մակարյան, ի՞նչն է արտահանման ծավալների նվազման պատճառն այն դեպքում, երբ այս տարվա առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.5 տոկոսով:

-Ե՛ւ արտահանման, ե՛ւ ներմուծման ծավալների անկումն ունեցել են իրենց օբյեկտիվ պատճառները: Հիմնական խնդիրներից մեկը Վերին Լարսի վատ ճանապարհային անցումն է: Այդ ամիսներին շաբաթը մեկ մի քանի օրով փակվում էր այդ ճանապարհը: Ավելին ասեմ ` ունեցել ենք արտահանում, որը 10 օր մեքենան գնալուց է ուշացել Վերին Լարսում` կանգնելով այդ խցանումների եւ վատ ճանապարհային պատճառներով. հերթեր էին առաջացել,եւ մեկ շաբաթ էլ` վերադառնալուց հետո:

Այսինքն` արտահանման ծավալների վրա առաջին գործոնը, որն ազդել է, եղել Վերին Լարսի փակումը: Այս տարի շատ կատաստրոֆիկ էր, եւ բավականին արագ էր փակվում: Արտահանման ծավալների նվազման երկրորդ պատճառը լեռնարդյունաբերական ոլորտում արձանագրված որոշակի անկումն է, որը կապված է հանքարդյունահանող գործարաններից երկուսի փակման հետ: Եւ եթե հաշվենք, որ այդ մետաղների մեջ էլ գերակշռող բաժինն ընկնում է պղնձին եւ ոսկուն, ապա պղնձի հետ կապված խնդիրներ ունեցանք, հենց այդ պատճառով արտահանման ծավալները նվազեցին:

-Իսկ ներմուծման ծավալների` 3.1 տոկոսի չափով նվազման պատճառը ո՞րն է:

-Ձեռնարկատիրական ոլորտում որոշակի արտադրություններ, շինարարական եւ այլ ոլորտներում առանձնապես չեն գեներացվել եւ պասիվ վիճակը չի բերել ներմուծման ծավալների ավելացմանը: Տնտեսական աճը հարաբերական թիվ է, որովհետեւ այդ 6.5 տոկոսը ոչինչ չասող է: Նախորդ տարի 2018 թվականի հունվարն էր, որը ժառանգություն էր ստացել 2017 թվականից:

Այսինքն` 2017 թվականի իներցիոն վիճակը փոխանցվել էր 2018թ.-ին, դրա համար էլ 2018թ.-ի հունվար-փետրվար ամիսներին ակտիվ չէր: 2018 թվականը մեզ համար եղավ հեղափոխությունից հետո ավելի ոգեշնչված եւ ակտիվ տարի, եւ 2019 թվականի սկիզբը, ես կարծում եմ, որ տնտեսական ակտիվությունը, 2018 թվականի համեմատ, պայմանավորված է հենց դրանով:

-Պարո՛ն Մակարյան, գյուղատնտեսական սեզոնի բացումը հնարավո՞ր է` արտահանման մասով դրական տեղաշարժ առաջացնի:

-Վերին Լարսի մասով, եթե եղանակը բարելավվի, խնդիր չի առաջանա: Բայց կարող է առաջիկայում այլ խնդիրներ ծագեն արտահանման մասով, հատկապես` արտահանող ընկերությունների վիճակով պայմանավորված: Մենք գիտենք, որ «Սպայկա»-ի հետ կապված հետագա գործունեության մասով ինֆորմացիա չկա առանձնապես`իրենք ակտիվությունը շարունակելու են պահել, թե ոչ, իրենց կնքած պայմանագրերը փորձելու են իրականացնել, թե ոչ: Չնայած հայտարարում էին, որ չի տուժի, բայց բոլոր դեպքերում, «Սպայկա»-ն մեծ ծավալների է տիրապետում եւ նաեւ մեծ թվով պայմանագրեր ունի` դրսի հետ կապված: Այսինքն` իր կնքած այդ պայմանագրերի չկատարելը էականորեն կազդի ցուցանիշների վրա: Անգամ եթե Վերին Լարսը բաց էլ լինի, եւ «Սպայկա»-ն պասիվ դիրքորոշում ունենա, իմ կարծիքով, դա բացասական կազդի ցուցանիշների վրա:

-Ա՞յլ խնդիր:

-Ես կարծում եմ, որ գյուղատնտեսության ոլորտում էլ մենք խնդիրներ ունենք` նախորդ ժամանակներից եկած: Հիմա էլ են մնացել` սերմերի բերքատվության, տարբեր միջատների, կրծողների, հիվանդությունների հետ կապված: Ես կարծում եմ, որ դա էականորեն կազդի, որովհետեւ գյուղացիները առանձնապես չեն կարողացել դրա դեմ պայքարել: Բացի այս, նախորդ տարիներին գյուղացիներին մատչելի գներով ե՛ւ սերմացու, ե՛ւ ազոտական պարարտանյութ, ե՛ւ դիզվառելիք էր բաշխվում, իսկ այս տարի այդ մշակույթը չկա: Ենթադրում եմ, որ գյուղատնտեսության ոլորտում մենք ավելի նվազում կունենանք:

-Պարո՛ն Մակարյան, տեղյա՞կ եք` արտահանումների մասով պետական ինչ ծրագրեր կան:

-Արտահանման ոլորտի ծրագրերը նույնն են մնացել, դեռ մի բան էլ կպակասեն: Մենք ունենք արտահանման ոլորտում աջակցության մի քանի մեխանիզմներ. առաջինը այն է, որ կա արտահանման ապահովագրական հիմնադրամ, որը ապահովագրում է արտահանումը` ուսումնասիրելով այն հաճախորդին, որին դու պետք է վաճառես, որպեսզի այդ հաճախորդի հետ խնդիրներ չլինեն: Արտահանման մյուս գործիքակազմերի մասին նշվել է կառավարության ծրագրի մեջ: Բավականին մեծ թվեր է գրվել, էական տարբերություն դեռ չենք նկատում:

Եւ որպեսզի արտահանումն էականորեն փոխվի, մենք ապրանքատեսականու դիվերսիֆիկացիա չենք կատարել: Այսինքն` Հայաստանում նոր տիպի ապրանքատեսակներ չեն ստեղծվել. նույն կոնյակները, նույն պահածոները, նույն ադամանդը, վերամշակված ոսկերչական իրերը: Բայց վերջին ժամանակաշրջանում հագուստի արտահանումը 80-90 դոլարի հասնող ծավալներ ունի: Մյուս կողմից` Հայաստանում տեքստիլն է արագ զարգանում, անգամ պատվերներ կան Ռուսաստանից, Եվրոպայից:

-Տեսակետ է շրջանառվում, որ ռուսական իշխանությունների ընկերներին Հայաստանը նեղացրել է, եւ ռուսական կողմը Վերին Լարսում արհեստական խոչընդոտ է ստեղծում` հասկացնելով իրենց վերաբերմունքը հայկական կողմի նկատմամբ:

-Ռուսական կողմը կարող է միշտ էլ խնդիրներ առաջացնել` կապված քաղաքական իրավիճակների հետ,ընդ որում` դա չկապելով որեւէ անձի հետ, այլ ուղղակի կապված քաղաքական իրավիճակների հետ. Հայաստանի արտաքին քաղաքականությունը կամ ՀՀ-ի ինքնուրույն լինելու ձգտումը իրենց կարող է գրգռել եւ առաջացնել նման խնդիրներ: Մենք գիտենք, որ քաղաքական խնդիրների ներքո իրենք տնտեսական սանկցիաներ միշտ էլ կիրառում են: Մյուս կողմից` նաեւ ասեմ, որ ռուսական կողմը շատ պատահական է դա անում` սննդամթերքի մեջ ինչ որ բան հայտնաբերելը: Քանի որ մերոնք շատ դեպքերում լուրջ պատրաստված չեն գնում, հաճախ պատահական, անորակ. հետո մենք գիտենք, որ կան դեպքեր, երբ փորձել են արտահանել այլ երկրների ծագմամբ ապրանքներ:

Զրուցեց Սյունէ Համբարձումյանը




Լրահոս