Գաղտնի որոշվում էր ինչ-որ բան թանկացնել, հիմա մեր անդամները ներսում կլինեն. Սերգեյ Բագրատյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս ապրիլի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին առաջարկել էր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ընդգրկվելու համարներկայացուցիչներ առաջադրել:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ` պարզելու համար` արդյոք իրենք արդեն իրենց թեկնածուներին առաջադրել են երկու կառույցներում: Սակայն Բագրատյանն ասաց, որ դեռ թեկնածուներ չեն առաջադրել, բայց ինքն արդեն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ է ներկայացրել խորհրդարան, որն էլ ԱԺ նախագահը պետք է ուղարկի կառավարություն՝ հավանության արժանանալու համար:

-Պարո՛ն Բագրատյան, Դուք առաջարկում էիք ՀՀ վարչապետին ՏՄՊՊՀ-ում եւ ՀԾԿՀ-ում ընդդիմադիր գործիչների ներգրավել. Դուք առաջադրե՞լ եք Ձեր թեկնածուներին:

-Ես արդեն նախաձեռնությունը դրել եմ ԱԺ կայքում, որտեղ նշված է, որ 7 անդամից երեքը, այսինքն` նախագահը եւ 6 անդամը, 3-ը պետք է առաջադրի ընդդիմությունը: Նախագիծն արդեն ԱԺ նախագահը ստորագրել է: Ե՛ւ ՏՄՊՊՀ-ում, ե՛ւ ՀԾԿՀ-ում ընդդիմությունը առաջարկում ենք ունենա թեկնածուներ: ՀԾԿՀ-ն 5 անդամ ունի, որից առաջարկել եմ` 2-ը լինի ընդդիմություն:

-Թեկնածուներ առաջարկե՞լ եք արդեն:

-Կառավարությունը պետք է իր համաձայնությունը տա, ԱԺ-ն հաստատի, նոր պետք է թեկնածուներին առաջադրեն, իսկ դրա իրավունքն ունի վարչապետը: Նախագծերը ներկայացրել ենք, մնում է հաստատվի: Կարծում եմ` հաստատվելու է, քանի որ Նիկոլ Փաշինյանն արդեն բանավոր հայտարարել է, որ կողմ է, բայց մենք իրենց հետ չենք քննարկել անդամների թիվը:

-Իսկ ի՞նչ կտա այդ երկու կառույցներում ընդդիմության ներգրավվածությունը:

-Մենք`որպես ընդդիմություն, կարծում ենք, որ մրցակցային հնարավորություններ ստեղծված չեն: Մենք մեր անդամի միջոցով արդեն կներկայացնենք, թե իրականում ինչ է կատարվում, իսկ հանձնաժողովի անդամը իրավունք ունի որեւէ, ասենք, շուկայում ուսումնասիրություն նախաձեռնի: Այսինքն`մենք ունենք գործիք, որով մենք կհսկենք` արդյոք տվյալ հանձնաժողովը բավարար կապ դրսեւորում է, որպեսզի ապրանքային շուկայում մրցակցություն ապահովվի: Նույնը վերաբերում էՀԾԿՀ-ին. եթե հիշում եք, տարիներ շարունակ գաղտնի որոշվում էր ինչ-որ բան թանկացնել, հիմա մեր անդամները ներսում կլինեն,  ու բալանսը կպահվի: Կլինեն պրոֆեսիոնալներ, չեն լինելու կուսակցականներ:

Նյութը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ




Լրահոս