ՀԱՐՑ. Սոցիալական ընտանեկան անձնագրում` 1-ին էջում, գրվում է «միայնակ կենսաթոշակառու 75 տարի անց»: Խնդրում եմ պատասխանել, թե ինչ է նշանակում «միայնակ կենսաթոշակառու»-ն:
ՊԱՏԱՍԽԱՆ. «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 36.3 հոդվածի 1-ին մասի համաձայն` ընտանիքի անապահովության աստիճանը գնահատվում է ընտանիքի անապահովության բնութագրիչների` ընտանիքի յուրաքանչյուր անդամի եկամտի, ընտանիքի կազմի, ընտանիքի յուրաքանչյուր անդամի սոցիալական վիճակի եւ այլ պայմանների հիման վրա:
Ընտանիքի յուրաքանչյուր անդամի սոցիալական խումբը, դրա ծածկագիրը, թվային արժեքը սահմանված են կառավարության 30.01.2014թ. N145-Ն որոշմամբ:
Սահմանված է, որ միայնակ չաշխատող կենսաթոշակառու (ծածկագիրը` Կ 87) է համարվում այն չաշխատող կենսաթոշակառուն կամ ծերության կամ հաշմանդամության նպաստ ստացող անձը, որը չունի չափահաս, կենսաթոշակի կամ հաշմանդամության նպաստի իրավունք չունեցող զավակներ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այլ խնամողներ, եւ դրա մասին տվյալ անձը (անձինք) տալիս է (են) դիմում-հայտարարություն.
«Կ 87» ծածկագիրը չի ամրագրվում, եթե`
ա. տվյալ անձն ունի 18 տարեկանը լրացած եւ ավելի բարձր տարիքի, կենսաթոշակի կամ ծերության կամ հաշմանդամության նպաստի իրավունք չունեցող առնվազն մեկ զավակ կամ ծնող` անկախ նա բնակության վայրից,
բ. տվյալ անձի հետ սոցիալական անձնագրում հաշվառված է 18 տարին լրացած եւ ավելի բարձր տարիքի, կենսաթոշակի կամ ծերության կամ հաշմանդամության նպաստի իրավունք չունեցող անձ` բացառությամբ այն դեպքի, եթե այդ անձի համար սոցիալական անձնագրում ամրագրված եւ տեղեկատվական բազայում մուտքագրված է «հարգելի բացակա» տվյալը:
Եթե միայնակ, չաշխատող, կենսաթոշակառու ունեցող ընտանիքի անապահովության միավորն անապահովության 0 միավորից բարձր է եւ ցածր` ՀՀ կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված ընտանիքի անապահովության սահմանային միավորից կամ հավասար դրան, ապա այդ ընտանիքի անապահովության միավորը հավասարվում է սահմանային միավորից մեկ հարյուրերորդական բարձր միավորի:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Ա. Մինասյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ միայնակ կենսաթոշակառու ունեցող ընտանիքի անապահովությունը գնահատելիս եկամտի ազդեցությունը մեղմացվում է:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: