ՊՎԾ կողմից իրավապահներին ուղարկված գործերից մեկը վերաբերում է Հովիկ Աբրահամյանին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պետական վերահսկողական ծառայությունը տեւական ժամանակ ստուգումներ էր անցկացնում ջրօգտագործման ոլորտում։ Նախօրեին ՊՎԾ պետի ԺՊ Արգիշտի Քյարամյանը հայտնեց, որ «ջրային ոլորտի ուսումնասիրությունները դրական արդյունքներ են տվել, ինչի արդյունքում 2 քրեական գործ կա հարուցված»։

Մեր տեղեկություններով, գործ դեռեւս հարուցված չէ, նյութերն ուղարկվել են իրավապահներին, սակայն դրանցից մեկը վերաբերում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին․ ստուգումների արդյունքում պարզել են, որ նրան պատկանող գինու-կոնյակի գործարանը տարիներ շարունակ ջուր է օգտագործել ու չի վճարել դրա դիմաց, նախնական հաշվարկով՝ խոսքը շուրջ 2 միլիարդ դրամի մասին է։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը դեռ մարտին ԱԺ-ում՝ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, ջրօգտագործողների միությունների վերաբերյալ հայտարարություն էր արել՝ ասելով, թե առաջիկայում բոլոր ՋՕՄ-երում ստուգումներ են կատարվելու։ «Պարզենք, թե ովքեր են գողացել, հետո չասեք՝ բոլոր ջրօգտագործողների միություններին լցնում եք բանտերը: Էս ի՞նչ սովորություն է՝ նստեն իրենց տեղը, թալանեն, ուտեն, վերջում գան ասեն՝ աշխատավարձ չենք ստացել, կառավարություն, դե՛ վճարի: Ամենաշատ թալանված ոլորտն է, հեսա հերթով հետեւներից գնալու ենք»,- ասել էր նա»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս