Ինչպես հայտնի է, ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն` ԱԺ հանձնաժողովների նախագահները պետք է հաշվետվություն ներկայացնեն՝ նախորդ ամսվա ընթացքում հանձնաժողովի նիստերից պատգամավորների բացակայության մասին։ Երեկվա դրությամբ տեղեկատվություն առկա էր դեռ երկու հանձնաժողովի մասին: Սակայն հետաքրքիր է, որ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը թեեւ ներկայացրել է գրություն, բայց ոչ բացակաների մասին:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այդ գրությունը վերաբերում է այն հանգամանքին, որ իրենք ապրիլ ամսվա ընթացքում նիստեր չեն անցկացրել։ Այլ խոսքով ասած` ապրիլ ամսվա ընթացքում այս հանձնաժողովը պարապուրդի է մատնվել։ Եվ սրա պատճառն այն է, որ ոլորտային նախագիծ խորհրդարան չի ներկայացվել, ու այս հանձնաժողովը գլխադասային չի ճանաչվել: Պարտաճանաչ կերպով իր հաշվետվությունը ներկայացրել է նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, սակայն արձանագրել է, որ նիստերից հանձնաժողովի անդամների բացակայություններ չեն եղել։