Դիմակավորված, դանակով և նռնակի նմանվող առարկայով ավազակային հարձակում՝ Երևանի «ՍԱՍ» սուպերմարկետում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

shamshyan.com-ի տեղեկություններով`

Այսօր՝ մայիսի 7-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։10-ի սահմաններում բժշկական դիմակով դեմքը փակած, դանակով և նռնակի նմանվող առարկայով, մի քաղաքացի մտել է Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայում գործող «ՍԱՍ» սուպերմարկետ և այնտեղ գտնվող տարադրամի փոխանակման կետի աշխատակցից սպանության սպառնալիքի տակ պահանջել է՝ այնտեղ գտնվող ողջ գումարը փոխանցի իրեն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տարադրամի փոխանակման կետի աշխատակիցն ընդդիմացել է, և որոշ ժամանակ անց, ըստ նախնական տեղեկությունների, դիմակավորված անձը ոչինչ չհափշտակելով՝ դիմել է փախուստի։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Ալիկ Մամիկոնյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ա. Խաչատրյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 175 հոդվածի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին հայտնաբերելու ուղղությամբ։




Լրահոս