ՑՈՒՅՑ ԱՌԱՆՑ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորի Հայքի հրապարակում «Ժառանգություն» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի ղեկավար Գառնիկ Սահակյանը մարտի 11-ին ցույց էր կազմակերպել դեղատներին վերաբերող դեռեւս քննարկման փուլում գտնվող նոր օրինագծից ունեցած դժգոհությունները բարձրաձայնելու համար։Բանն այն է, որ վերջերս քննարկման է դրվել ՀՀ վարչական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին առողջապահության նախարարության առաջարկը, որում նշված է. «Դեղատոմսով բաց թողնվող դեղերի բաց թողնման կարգը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով, իսկ դեղատոմսերով դուրս գրման կարգը խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով»։ Ըստ «Ժառանգության» տարածքային կառույցի ղեկավարի, որն զբաղվում է  դեղորայքի վաճառքով,  այդ փոփոխությունները ձեռնտու չեն  դեղատների մեծ մասին, ուստի եւ Սահակյանը դրանց ներկայացուցիչներին  հրավիրել էր ցույցի: Սակայն նշանակված օրը` նշանակված ժամին, հրապարակում միայն ինքն էր, մեկ երկու դեղատան աշխատակից եւ լրագրողները: Այն հարցին, թե ինչու դեղատների աշխատակիցները չկան, Գառնիկ Սահակյանը պատասխանեց. «Ես աշխատում եմ հարկային դաշտում, իսկ նրանցից շատերը գործում են ստվերում։ Ստուգե՛ք Երեւանից Վանաձոր մտնող դեղորայք տեղափոխող մեքենաները, դեղորայքի 80 տոկոսը գալիս է  առանց հաշիվ ապրանքագրերի»: Ըստ Սահակյանի`  ինքը, ինչպես եւ ցանկացած դեղագետ, այդ օրենքին դեմ չի  լինի այն դեպքում, երբ վերացվի պոլիկլինիկաների եւ հիվանդանոցների բժիշկների կողմից հիվանդներին կոնկրետ դեղատներ ուղղորդելու երեւույթը. «Գիտենք, որ մեր բժիշկները հիվանդներին որոշակի դեղատներ են ուղղորդում, որոնցից տոկոսներ են ստանում: Ես պոլիկլինիկաների հետ գործարքի մեջ չեմ մտնում։ Այսօր շուկան մոնոպոլիզացվում է, որոշակի դեղամիջոցների վաճառքով մի քանի ընկերություններ են զբաղվում, օրինակ` «Ալֆա Ֆարմ», «Նատալի Ֆարմ»։ Իմ դեղատուն, օրինակ, երկուսից երեք դեղատոմս չի մտնում, ո՞ւր են գնում դրանք»,-հարցրեց «Սզնի» դեղատան տնօրենն ու  ցույց տվեց  մի դեղատոմս, որում հստակ նշված էր, թե որ դեղատնից պետք է դեղը գնել. «Ինքներդ կարող եք համոզվել, նույնիսկ օտարերկրյա ընկերություններն աշխատում են կոնկրետ պոլիկլինիկաների հետ։ Բժշկի հետ գործարքի մտնելու համար գլխավոր բժիշկը ստանում է 25 տոկոս զեղչ, դեղատոմսեր դուրս գրողները` 5-10 տոկոս զեղչ»։Գառնիկ Սահակյանն իր մի քանի էջանոց դժգոհությունը նախ որոշել էր հանձնել Լոռու մարզպետ Արամ Քոչարյանին, ապա, չգիտես ինչու, փոշմանեց եւ որոշեց այն ներկայացնել կա՛մ ԱԺ, կա՛մ առողջապահության նախարարություն։ Կհաջողվի՞ հասնել որեւէ արդյունքի, ցույց կտա  ժամանակը։ Սակայն, եթե հաշվի առնենք այն, որ ցույցն առանց ցուցարարների էր, ապա դժվար թե Գառնիկ Սահակյանը որեւէ փոփոխության  հասնի։ՀԵՐՄԻՆԵ ԶԱՐՄԱՆՅԱՆ Վանաձոր




Լրահոս