ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը ապրիլի 3-ից մինչեւ մայիսի 3-ը հայտարարել էր մրցույթ այն անձանց համար, որոնք իրենց տեսնում են Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնում: Այսպիսով, մրցույթին մասնակցելու համար դիմել է 2 հոգի՝ 2018թ. նոյեմբերից կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, երաժիշտ, «Հովեր» պետական կամերային երգչախմբի խմբավար Սոնա Հովհաննիսյանը եւ ԵՊԿ պրոֆեսոր, 2011-2018թթ. կոնսերվատորիայի ուսումնական գծով պրոռեկտոր Վաղարշակ Հարությունյանը: Մրցույթը տեղի կունենա կոնսերվատորիայում մայիսի 14-ին: Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ռեկտորի պաշտոնի երկու թեկնածուի հետ, ծանոթացավ կոնսերվատորիայի հետ կապված նրանց ծրագրերին:
Սոնա Հովհաննիսյանը նկատեց, որ համեմատած նախորդ տարիների հետ` այս տարի 2 թեկնածուի առկայությունը փոքր նվաճում չէ. «Ռեկտորի նախորդ 3 ընտրությունների ժամանակ ընդամենը 1 թեկնածու է առաջադրվել: Այնպես որ, 2 թեկնածուի առաջադրումը նորմալ է:
Իհարկե, կան էլի կադրեր, որոնք արժանի էին առաջադրվելու: Մենք ունենք երաժշտական հրաշալի միջավայր եւ փորձառու մասնագետներ»:
Նա տեղեկացրեց, որ 60 կետով հաշվետվություն ունի այն մասին, թե ինչ է հասցրել իրականացնել իր պաշտոնավարման 6 ամսվա ընթացքում. «Կոնսերվատորիայում խնդիրները բազմաթիվ են: Այս 6 ամսվա ընթացքում նորացվել են կրթական, ուսումնական ծրագրերը: Լուծվել են հիմնաքարային մի շարք խնդիրներ, օրինակ՝ կամընտրական առարկաների բացակայության հարցը: Մայիսի 6-ին կոնսերվատորիայում առաջին անգամ բաց դռների օր հայտարարեցինք, երաժշտական դպրոցներից եւ ուսումնարաններից այդ օրը եկան մեր բուհ, ներկա եղան դասընթացներին:
Փողային եւ սիմֆոնիկ նվագախումբ, համակոնսերվատորիական երգչախումբ ենք ստեղծել: Իմ պաշտոնավարման երկրորդ ամսից աշխատավարձերը բարձրացվել են 30 տոկոսով, միեւնույն գործառույթներով աշխատող երկու ամբիոններ են միացվել»:
Ինչ վերաբերում է պարոն Հարությունյանի առաջադրմանը, տիկին Հովհաննիսյանը նշեց. «Ես այդ մասին իմացել եմ առաջադրումից մեկ օր առաջ: Ի դեպ, պարոն Հարությունյանն ասաց, որ այդ մասին առաջինը ինձ է տեղեկացրել»:
Մենք զրուցեցինք նաեւ Վաղարշակ Հարությունյանի հետ, որը, նախ, ընդգծեց, որ թեեւ վերջին օրն է դիմել մրցույթին մասնակցելու համար, բայց այդ մասին մտածելու երկար ժամանակ է ունեցել. «Գիտեմ, որ ռեկտորի աշխատանքը բավական ծանր է, բայց պատրաստ եմ այն ստանձնելու: Ասեմ, որ առաջադրվելու որոշումս ամենեւին կապված չէ այն հանգամանքի հետ՝ հավանում եմ Սոնա Հովհաննիսյանի աշխատաոճը, թե ոչ:
Ես իմ էությամբ ոչ կոնֆլիկտային մարդ եմ եւ բացարձակ ցանկություն չունեմ ստվեր գցելու Սոնա Հովհաննիսյանի վրա: Ինքը կոնսերվատորիայի զարգացման իր տեսլականն ունի, ես՝ իմ: Երբ մրցույթ է լինում, հայ իրականության մեջ սովոր են մասնակիցներին անվանել հակառակորդներ կամ մրցակիցներ: Մեր պարագայում չկա նման բան: Հիմա կոնսերվատորիայում այնպիսի առողջ մթնոլորտ է, որ յուրաքանչյուրը, ով համապատասխանում է չափանիշներին, կարող է առաջադրվել եւ օբյեկտիվ մրցույթ ակնկալել: Անձամբ ես պատրաստ եմ իմ փորձն ու գիտելիքները ծառայեցնել բուհին նաեւ չընտրվելու դեպքում, եթե, իհարկե, դրա կարիքը լինի»:
Պարոն Հարությունյանի համոզմամբ՝ կոնսերվատորիան այսօր ամենաշատը ֆինանսների կարիք ունի. «Ամենափայլուն ծրագիրն էլ գրվի, գումար է անհրաժեշտ այն կյանքի կոչելու համար: Ես իրատես մարդ եմ, ունեմ բավականաչափ փորձ եւ շատ լավ եմ հասկանում դա: Ունեմ անձնական կապեր թե՛ երկրի ներսում, թե՛ դրանից դուրս: Կարծում եմ՝ ֆինանսական խնդիրները կարելի է լուծել նաեւ դրամաշնորհների ու հովանավորների միջոցով: Թե՛ իմ, թե՛ տիկին Հովհաննիսյանի ցանկությունն է զարգացնել բուհը, դնել այն ավելի բարձր մակարդակի վրա»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
Աննա Բաբաջանյան