ՀԱՐՑ. Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ որդեգրման գրանցման համար, ի՞նչ ժամկետում է կատարվում որդեգրումը:
Նարինե Սահակյան (46 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ որդեգրման պետական գրանցումն իրականացնելու համար անհրաժեշտ է.
1) որդեգրողների /որդեգրողի/ կամ նրանց կողմից լիազորված անձի գրավոր դիմումը,
2) որդեգրման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը,
3) որդեգրողների /որդեգրողի/ անձը հաստատող փաստաթղթերը,
4) որդեգրողների ամուսնության վկայականը,
5) որդեգրվողի ծննդյան վկայականը:
Միաժամանակ հայտնում ենք, որ որդեգրման պետական գրանցումը կատարվում է ՔԿԱԳ մարմին դիմումը ներկայացնելու օրը: Այն դեպքում, երբ որդեգրվող երեխայի ծննդյան ակտային գրանցումը գտնվում է մեկ այլ ՔԿԱԳ մարմնում, որդեգրումը գրանցող ՔԿԱԳ մարմինը մեկօրյա ժամկետում հարցում է կատարում ծննդի գրանցման վայրի ՔԿԱԳ մարմին` ակտային գրանցման պատճենը ստանալու համար: Այդ փաստաթուղթը ստանալուց հետո այն ուսումնասիրվում է ՔԿԱԳ մարմնի կողմից (կա՞ն արդյոք այլ նշումներ` որդեգրման, չեղյալ համարելու եւ այլն), որից հետո` մեկօրյա ժամկետում, կատարվում է որդեգրման գրանցում:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նորածին երեխա որդեգրած կինն ունի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված հետծննդյան արձակուրդի եւ սահմանված այլ արտոնությունների իրավունք: Ի դեպ, որդեգրվածներն իրենց ծնողների (ազգականների) նկատմամբ կորցնում են անձնական ոչ գույքային եւ գույքային իրավունքները եւ ազատվում են պարտականություններից:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: