Ազգային ժողովի նախագծեր բաժնում ընդգրկված է ՀՀ կառավարության 2018 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, որը հաջորդ շաբաթ կսկսի քննարկվել համապատասխան հանձնաժողովներում, իսկ հետագայում արդեն ԱԺ լիագումար նիստում, իսկ հիմնական զեկուցողն էլ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն է։
Ըստ այդմ, առաջարկվում է հաստատել 2018 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը եկամուտների գծով` 1,341,690,590.9 հազար դրամ, ծախսերի գծով` 1,447,083,011.5 հազար դրամ, բյուջեի դեֆիցիտը` 105,392,420.6 հազար դրամ:
Նախագծերին կցված է նաև Կենտրոնական բանկի եզրակացությունը։ Ըստ այդմ, ԿԲ-ն իր եզրակացությունում ընդգծում է, որ 2018 թվականին թեև տնտեսական աճը դանդաղել է, սակայն փոքր-ինչ գերազանցել է ՀՀ պետական բյուջեում նախատեսված թիվը եւ 4,9 տոկոսից դարձել է 5,2 տոկոս։ Գյուղատնտեսության ճյուղում արձանագրվել է նվազում, որը սակայն նախորդ տարվա համեմատ ավելի փոքր է եղել, իսկ ընդհանուր առմամբ աճը պայմանավորված է եղել ծառայությունների ու առևտրի ճյուղի բարձր աճով։
Եվ հետաքրքիր է, որ որպես ամփոփում ԿԲ-ն եզրակացնում է, որ կայուն տնտեսական աճի համար շատ կարևոր է ապահովել տնտեսությանն անհրաժեշտ արդյունավետ պետական կապիտալ ներդրումներ։