ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի առաջիկա նիստը խոստանում է հետաքրքիր լինել։
Մասնավորապես, այդ նիստում նախատեսվում է որոշում կայացնել եւ հաջորդ օրը՝ մայիսի 22-ին, հրավիրել ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի եւ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովների համատեղ նիստ, որի ժամանակ քննարկվելու են ՀՀ հաշվեքննիչ պալատի` առողջապահության բնագավառում ընթացիկ եզրակացությունները։
«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է անդրադարձել Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրություններին եւ այն բացահայտումներին, որոնք եղել են ե՛ւ սոցիալական ապահովության բնակավառում, ե՛ւ առողջապահության համակարգում, ե՛ւ պետական կառավարման մի շարք այլ օղակներում։
Ընդ որում, Հաշվեքննիչ պալատի բացահայտումները վերաբերում են ՀՀԿ իշխանության օրոք իրականացված օրինախախտումներին, կոռուպցիոն դրսեւորումներին: ԱԺ մշտական հանձնաժողովի օրակարգում ընդգրկված մեկ այլ նախագծով էլ քննարկվելու է ՀՀ Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը, որը հիմնականում վերաբերում է գնաճի` 31 էջանոց հաղորդմանը: Ի դեպ, ըստ ԿԲ կանխատեսումների, տնտեսական աճը կլինի 4,6-6,1 տոկոսների միջակայքում։ 2019 թվականին տնտեսական աճին, ըստ ԿԲ-ի, նպաստելու է մասնավոր սպառումը։