Հայկական եթերում գերիշխում են տափակ հումորները. Մհեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այսօր հայկական եթերում բացակայում է որակյալ երաժշտությունը: Երաժշտական հաղորդումներն, առհասարակ, շատ փոքր թիվ են կազմում, փոխարենը եթերում գերիշխում են տափակ հումորներով, անբովանդակ, անիմաստ սերիալներն ու հումորային ծրագրերը: Մի տեսակ դատարկություն է եթերում: Ես ինքս ընդունում եմ հրավերներ այն հաղորդումներից, որոնք երաժշտական հատված ունեն. այլ կարգի ծրագրերում ցանկություն չունեմ հյուրընկալվելու:

Իսկ երաժշտական ծրագրերը քիչ են. թերեւս, որպես հաջողված հաղորդում` կնշեմ «Երգ Երգոցը»: Հիմա գերիշխող են նաեւ քաղաքական բնույթի հաղորդումները, իսկ արվեստը կարծես երկրորդ պլան է մղվել»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց երգիչ Մհերը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե ինչու վերջին շրջանում իրեն էկրաններին չենք տեսնում:

Նա տեղեկացրեց, որ շուտով հանդիսատեսի դատին կներկայացնի մի քանի նոր երգ՝ հայերեն եւ ռուսերեն: Դրանց թվում կլինի նաեւ զուգերգ իր քրոջ՝ երգչուհի Ռոզա Ֆիլբերգի հետ: Մեր հարցին, թե առաջիկայում սպասենք արդյոք Մհերի մենահամերգին, երգիչը տվեց բացասական պատասխան: Փոխարենը նա համերգային հրավերներ ունի արտերկրից:

Մենք մի փոքր էլ անձնական կյանքից զրուցեցինք: 2018-ի հոկտեմբերին հայր դարձած երգչին հարցրինք՝ հասցնում է արդյոք համատեղել կարիերան եւ որդու խնամքը, կարողանում է բավականաչափ ժամանակ տրամադրել ընտանիքին այն դեպքում, երբ ակտիվորեն շարունակում է երգեր ձայնագրել, տեսահոլովակներ նկարահանել: «Իհարկե, որդուս խնամքով մեծ մասամբ կինս է զբաղվում, բայց ես էլ եմ մասնակցում: Ի դեպ, շուտով երկրպագուներին կներկայացնեմ որդուս մասին երգ, ինչպես նաեւ՝ տեսահոլովակ՝ հավաքված նրա մասնակցությամբ կադրերի վրա: Դա կլինի իմ նվերը նրան»,-եզրափակեց Մհերը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս