Վլադիմիր Բաղդասարյանը, որը Հայաստանում գործող կրոնական փոքրամասնություններից մեկի` ժողովրդի մեջ հոգեգալստականներ կոչվող կազմակերպության անդամ է, մեղադրվում է «Շանթ»-ի լրագրողի եւ օպերատորի գործունեությունը խոչընդոտելու եւ նրանց ծեծելու մեջ:Դեպքը տեղի է ունեցել 2010 թվականի նոյեմբերի 10-ին, երբ լրագրողները մտել էին Սեւանի Դեմիրճյան 6/5 հասցեում գտնվող կինոթատրոնի շենք եւ փորձել կատարել հոգեգալստականների հավաքի նկարահանումներ: 2010 թվականի դեկտեմբերի 24-ին Վլադիմիր Բաղդասարյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ, որի արդյունքում Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, փաստաբաններ Անահիտ Սաղաթելյանն ու Ռոբերտ Ռեւազյանը «խրամատավորվել» են մի կողմում, իսկ «Շանթ» հեռուստաընկերությունն ու փաստաբան Արամ Կարախանյանը` մյուս: Հոգեգալստականին պաշտպանող Ավետիք Իշխանյանենց թեւի հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարվեց, որ լրագրողները մուտք են գործել մասնավոր սեփականության տարածք, փակ դռնից առանց թույլտվության, առանց ներկայանալու եւ առանց լրագրողական փաստաթղթի եւ ներսում գտնվող անձանց պահանջներին հակառակ` բարձրացել են երկրորդ հարկ ու կատարել նկարահանումներ` ի սկզբանե նպատակաուղղված լինելով կրոնական փոքրամասնության ներկայացուցչին վարկաբեկելուն եւ աղանդի գործունեությունը բացասական գծերով ներկայացնելուն: Ասուլիսին ներկա «Շանթ» հեռուստաընկերության ներկայացուցիչ Դիանա Հարությունյանը հակադարձեց, որ լրագրողներին Վլադիմիր Բաղդասարյանը ապտակել է, երբ չէին էլ հասցրել ներկայանալ: Արամ Կարախանյանն էլ, համաձայնելով, որ եթե լրագրողը մուտք է գործում մասնավոր տարածք, ապա, այո, պետք է նկարահանման համար թույլտվություն հարցնի, այնուամենայնիվ նշեց, որ լրագրողն իր գործունեությունն իրականացնում է ընդհանրապես որեւէ մեկին չծանուցելով, որովհետեւ ցանկացած լրագրողական գործունեություն ենթադրում է որոշակի գործողություններ. «Ես կարծում եմ, որ լրագրողը պարտավոր չէ ՀՀ բոլոր քաղաքացիներին ծանուցել, եթե օրինակ, գնում է ֆիլհարմոնիայի շենքում նկարահանում անելու, որովհետեւ նրանցից յուրաքանչյուրն այդ պահին կարող է տոմս առած լինի եւ այնտեղ գտնվի ու չուզենա, որ իրեն նկարեն: Դա ծիծաղելի է»: Ըստ «Շանթ»-ի փաստաբանի` տվյալ քրեական գործի շրջանակներում պետք է ելնել հարցադրումներից` լրագրողը ուր է մուտք գործել եւ կարո՞ղ էր ենթադրել, որ դա մասնավոր տարածք է: Այս հարցադրումներին Կարախանյանն ինքը պատասխանեց. «Այս դեպքում լրագրողը մուտք է գործել կինոթատրոնի շենք, որի վրա որեւէ հստակ ցուցանակ չի եղել առ այն, որ դա մասնավոր սեփականություն է»: Հետեւաբար, լրագրողը չէր կարող եւ պարտավոր էլ չէր ենթադրել, որ մուտք է գործում մասնավոր տարածք, քանի դեռ այդ մասին չէր զգուշացվել: Մյուս կողմից, ֆիլմերից մեզ հայտնի է ներդրումային մոնիթորինգ կոչվող երեւույթը, երբ լրագրողը սեփական հետաքննությունը անցկացնելու համար կարող է ներդրվել կազմակերպությունների մեջ, անգամ որեւէ հիմնարկ ընդունվել` գաղտնիքներին ծանոթանալու համար: Արամ Կարախանյանը, շարունակելով միտքը, հավելեց. «Պարոն Իշխանյանն ինքը նշեց, որ այսօր կրոնական կազմակերպությունների գործունեությունը լուսաբանելը բավականին դժվար է, որովհետեւ վերջիններս խուսափում են դրանից: Բայց չէ՞ որ մենք բոլորս` ՀՀ քաղաքացիներս, տեղեկատվություն ստանալու օբյեկտիվ իրավունք ունենք, եւ դրա գործիքը հենց լրագրողներն են, որոնք պարտավոր են բոլոր հանրային կառույցների վերաբերյալ (իսկ կրոնական կազմակերպութունը չեմ կարծում, որ մասնավոր սեփականություն է), ներկայացնել տեղեկատվություն»:Ավետիք Իշխանյանը ի պատասխան նշեց, որ մեկ բան է հեռուստախցիկով մասնավոր տարածք մտնելը, մեկ այլ բան` ներդրումային մոնիթորինգը. «Ես դրան դեմ չէի լինի, եթե գնային, տեսնեին իրենց արարողակարգը, հետո դրա մասին նյութ գրեին, բայց ես դեմ եմ, երբ իրենց ասվում է, որ դա մասնավոր սեփականություն է, սակայն նրանք առանց թույլտվության նկարահանում են»: Ավետիք Իշխանյանի կողմը նաեւ ինչ-ինչ դատավարական խախտումներ է մատնանշում: Մասնավորապես` քրեական գործը հարուցվել է 2010 թվականի դեկտեմբերի 24-ին, որից հետո մինչեւ 2011թ. փետրվարի 15-ը Բաղդասարյանը, լինելով փաստացի մեղադրյալի կարգավիճակում, գործով անցել է որպես վկա եւ հնարավորություն չի ունեցել օգտվելու մեղադրյալի իր իրավունքներից: Փետրվարի 15-ին քննիչը որոշում է կայացրել Բաղդասարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, եւ նույն օրն էլ հայտարարվել է նախաքննության ավարտը` այդպիսով հնարավորություն չտալով Բաղդասարյանին կազմակերպել իր պաշտպանությունը: Դատակոչի անձանց ցուցակում էլ, բացի մեղադրյալից, քննիչի կողմից ներառվել են միայն մեղադրող կողմից ցուցմունք տված անձինք, իսկ Բաղդասարյանի անմեղությունն ապացուցող վկաների անունները դատակոչի ցուցակի մեջ ներառված չեն:ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ
ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐՆ ՈՒ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ` ԽՐԱՄԱՏԻ ՏԱՐԲԵՐ ԿՈՂՄԵՐՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ