Մարտի 1-ից մինչև Վիտալի Բալասանյան․ մանրամասներ Բակո Սահակյան-պատգամավորներ հանդիպումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ օրն իսկապես թեժ ստացվեց։ Վաղ առավոտից վարչապետի հորդորով քաղաքացիները փակել էին դատարանների մուտքերը, իսկ երեկոյան էլ օրն ամփոփվեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների երկու ժամանոց հանդիպմամբ։

Մինչ նիստի մեկնարկը, նաեւ դրանից հետո Արցախի նախագահ Բակո Սահակյանը պատասխանել է նաեւ լրագրողների հարցերին՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին եւ Ռոբերտ Քոչարյանի համար անձնական երաշխավորություն ներկայացնելուն։ Վերջինիս մասով նա նշեց․«Գիտեք, մեր միջնորդության մեջ նշվել է, որ այդ քայլը նպատակ չէր հետապնդում լրացուցիչ լարվածություն առաջացնելու։ Ընդհակառակը, եթե կա լարվածություն, ապա այն միտված էր դա թուլացնելու։ Մեր միջնորդության մեջ նշված էր՝ այն քայլ չէ՝ ուղղված Հայաստանի դատական գործընթացը կասկածի տակ առնելուն, այլ խափանման միջոցը փոխելու», – նշել էր Բակո Սահակյանը։

Նշենք, որ, պատգամավորների հավաստմամբ, հանդիպումը բավական թեժ է անցել, հնչել են ամենահնարավոր հարցերը, ընդ որում՝ շատ բաց տեքստով, առանց թաքցնելու կամ փորձելու մեղմացնելու հարցերը, իսկ Բակո Սահակյանն էլ տվել է անհրաժեշտ պատասխաններ, սակայն հանդարտ, իրեն բնորոշ ձեւով։ Ընդ որում, պատգամավորները նաեւ իրար մեջ նշում էին, թե սկզբում լարված են եղել, սակայն վերջնամասում արդեն հանգստացել են։ Հետաքրքիր է, որ հանդիպմանը ոչ բոլոր պատգամավորներն էին ներկա, այդ թվում` ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, որոնք գործուղման մեջ են, իսկ Արցախի նախագահին դիմավորելու, ուղեկցելու եւ ճանապարհելու պարտականությունն էլ վստահվել էր խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին։

Ինչպես արդեն նշեցինք, հանդիպման ընթացքում հնչել են հնարավոր բոլոր հարցերը՝ սկսած մարտի 1-ին Հայաստան զորք ուղարկելուց, Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու միջնորդությունից, Հայաստան-Արցախ հարաբերություններից, անգամ Վիտալի Բալասանյանից, եւ պատգամավորներն էլ բավական ակտիվ են եղել։
Եվ չնայած հանդիպումը փակ էր, եւ իշխող ուժի պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը մեզ հետ զրույցում խուսափեց փակագծեր բացել, սակայն ընդգծեց, թե բոլոր հարցերին անդրադարձ եղել է, այնուամենայնիվ, նա խուսափեց հստակ պատասխանել՝ հանդիպումից գոհ մնացել է, թե ոչ։ Ընդ որում, Հռիփսիմե Գրիգորյանը եւս հարց տվողների թվում է եղել։

«Հնչեցին բազմաթիվ հարցեր, հնչեցին պատասխաններ։ Քննարկվել է հարցերի շատ մեծ շրջանակ, եւ հիմնական մեր՝ պատգամավորների բարձրացված հարցերն ու մտահոգություններն առնչվում են հետեւյալին՝ ինչպես անել, որ մեր հայ ժողովրդի երկու հատվածների միջեւ լարվածությունը թուլացնենք։ Արդյոք այն քայլերը, որոնք արվել են, նպաստել են դրան, թե ոչ», – նշեց պատգամավորը։

Վերջինս չցանկացավ գնահատական տալ՝ արդյոք բոլոր հնչած հարցերին եղան բավարար պատասխաններ, թե ոչ։ Դիտարկմանը՝ այսինքն գոհ չեք մնացել, նա նշեց․«Ես պարզապես ասացի, որ գնահատական չեմ հնչեցնում, քանի որ հանդիպումը փակ էր։ Ես եւս հարց հնչեցրել եմ եւ ստացել եմ իմ հարցի պատասխանը, եւ հնչել են նաեւ այլ նմանատիպ հարցեր։ Քննարկվել են հիմնականում վերջին շրջանում լայն քննարկված հարցեր»։

Եվ չնայած հանդիպումն իսկապես թեժ է եղել, եւ հնչել են բազմաթիվ հարցեր ու պատասխաններ, սակայն պատգամավորները գոհ էին հանդիպման նման ընթացքից, բայց ոչ այնքան պատասխաններից։ Իշխող խմբակցության մեկ այլ պատգամավոր Արման Բոշյանը եւս հարց է ուղղել Արցախի նախագահին եւ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե անդրադարձ է եղել նաեւ Արցախում առկա օրակարգային հարցերին, գործընթացներին, եւ կարեւորեց նման հանդիպումը։ «Շատ բաց խոսակցություն էր ընթանում, հետաքրքիր։ Մեր հարցերը շատ ուղիղ էին, նախագահի պատասխանները եւս ուղիղ էին։ Կաշկանդվածություն որեւէ չի եղել, մենք գիտակցում ենք, որ մեր մեջ չեն կարող լինել փակ թեմաներ եւ հարցեր, որոնք չեն քննարկվում», – նշեց նա։

Պատգամավորը չթաքցրեց, որ հնարավոր բոլոր հարցերին անդրադարձ եղել է, սակայն հանդիպումը որակեց ոչ թե թեժ, այլ բովանդակային, կառուցողական եւ գործընկերային։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս