Ինչ է կատարվել իմքայլականների երեք ժամանոց նիստին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը փակ նիստ էր հրավիրել, որը տեւեց մոտ երեք ժամ: Խմբակցության նիստն այնքան թեժ էր, որ պատգամավորների ձայնը լսելի էր անգամ այն հատվածում, որտեղ լրագրողները սպասում էին: Պատգամավորները ներսուդուրս էին անում ու ամեն վայրկյան հայտարարում էին, թե «հեսա կպրծնի» քննարկումը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում այս օրերին իսկապես իրավիճակը շատ լարված է, քանի որ վերջին օրերին ամեն օր տարբեր իրադարձություններ են տեղի ունենում, որոնք խմբակցությունում փորձում են քննարկել ու ելքեր գտնել:

Երեկ` նիստի ավարտից հետո, այդպես էլ անհայտ մնաց, թե, ի վերջո, ինչ է որոշել իրենց խմբակցությունը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության այն առաջարկի մասին, թե պետք է օր առաջ արտահերթ նիստ հրավիրել ու քննարկել դատաիրավական համակարգում կատարվելիք իրադարձությունները:

Ի դեպ, պատգամավորները խմբակցության նիստի մտնելիս եւ նիստից դուրս գալիս շատ մտահոգ էին. նրանց խոսքով` օրակարգը շատ հագեցած էր, ու քննարկվելիք հարցերը մտահոգիչ են: Նիստի ընթացքում էլ որոշ պատգամավորներ դուրս էին գալիս ծխելու ու արդեն խումբ-խումբ քննարկում այն հարցերը, որոնք խմբակցության նիստում քննարկվում էին:

Նիստի ավարտից հետո, իշխանական պատգամավորները որեւէ բան չցանկացան խոսել` հայտարարելով, թե բոլոր հարցերին կպատասխանի խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Բայց նա էլ չցանկացավ մեկնաբանել այն ամենը, ինչ քննարկել էին. միայն նշեց, թե խմբակցությունում քննարկումներ էին ու վերջ:

ՆՅՈՒԹԸ` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ




Լրահոս