«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը դերասան Վահագն Գալստյանն է: Մենք բացահայտել ենք նրա էությանը բնորոշ քչերին հայտնի գծերը, անդրադարձել ենք դերասանի անվան շուրջ պտտվող ասեկոսեներին: Հումորային նախագծերից հայտնի դերասանը խոստովանել է, որ հումորն, իսկապես, մեծ զենք է, եւ եթե նույնիսկ ճակատիդ ատրճանակ են պահել, չպետք է կորցնես հումորիդ զգացումը:
-Վահա՛գն, Ձեզ ի՞նչ է պետք օրը լավ սկսելու համար:
-Լավ տրամադրություն, իսկ դա կապված է տանը տիրող խաղաղության ու գործս որակով անելու հետ:
-Հիմա ո՞րն է Ձեր տրամադրության գույնը:
-Կանաչից կարմիր, այսինքն՝ գարունից ամառ…Շատ վառ:
-Ի՞նչը կարող է հունից հանել Ձեզ:
-Մարդկանց ոչ պունկտուալ եւ անպատասխանատու լինելը:
-Իսկ Ձեզ հե՞շտ է հունից հանելը:
-Նայած, թե ով է կանգնած դիմացս: Տանել չեմ կարողանում, երբ մարդիկ իրենց կարծիքը փաթաթում են վզիդ: Շատ բուռն եմ իմ արձագանքներում, երբ խոսքը վերաբերում է հայրենիքիս: Երբ խոսքը ինձ համար շատ թանկ բաների մասին է, տաք եմ մոտենում հարցին: Հնարավոր է նաեւ բորբոքվեմ:
-Ձեր դիտած ներկայացումներից ո՞րն է առանձնակի տպավորել:
-Մեր՝ Դրամատիկական թատրոնի բոլոր ներկայացումներն էլ սիրում եմ: Առհասարակ, ինձ տպավորել է երկու ներկայացում՝ «Մոռանալ Հերոստրատին» եւ «Ֆանտոմային ցավեր»:
-Ո՞րն է եղել Ձեր մասին լսած ամենազվարճալի բամբասանքը:
-Այն, թե, իբր, ես հարուստ եմ եւ ունեմ զույգ եղբայր, որը շատ աղքատ է: Մի անգամ փոքր մեքենայով անցնում էի, լսեցի, որ ասում են. «Չէ սա ինքը չէ, փոքր եղբայրն է, ինքը հարուստ է»: Ոմանց թվում է, թե ես միլիոնատեր եմ (ծիծաղում է): Ամենազվարճալին այն է, որ ոմանք ինձ համոզում են դա, հարցնում են. «Այսինչը քո կի՞նն է, սա քո մեքենա՞ն է»: Եվ երբ պատասխանում եմ, որ, ոչ, իրենց թվում է՝ խաբում եմ, սկսում են համոզել: Օրինակ՝ լավ է, որ մտածում են, թե ես հարուստ եմ, բայց երբ հերքում եմ, պետք չէ նեղանալ (ծիծաղում է):
-Սիրու՞մ եք ճամփորդել: Ո՞ր երկրներն են Ձեզ հիացրել իրենց ինքնատիպությամբ:
-Այո, շատ եմ սիրում, անգամ Երեւանում առիթը բաց չեմ թողնում ոտքով քայլելու եւ գոնե ուզածս վայրերի կողքով անցնելու, զմայլվելու դրանցով: Վերջին անգամ Եգիպտոսում եմ եղել, ինձ տպավորել է ծովը, բայց ինձ ավելի շատ դուր են գալիս եվրոպական երկրները, օրինակ՝ Գերմանիան, Դանիան: Ուզում եմ նաեւ Հոլանդիայում լինել: Այնտեղ կենսամակարդակը բավական բարձր է, քաղաքացիական գիտակցությունը: Սիրում եմ երկրներ, որտեղ մարդիկ հարգում են իրեր: Մեզ մոտ այդ հարգանքը կամ չափից դուրս է, կամ իսպառ բացակայում է:
-Ձեզ ինչպիսի՞ ծնող եք համարում:
-Չեմ ուզում ինքս ինձ գնահատական տալ. դա պետք է զավակներս ասեն: Բայց եթե նրանք ժպտում են, ուրեմն ամեն բան նորմալ է: Բնական է, որ ես էլ իմ ուժեղ ու թույլ կողմերն ունեմ: Փորձում եմ ազատ ժամանակս առաջին հերթին նվիրել հենց նրանց՝ քայլել, հյուր գնալ, ուսուցողական զրույցներ ունենալ երեխաներիս հետ: Երբ Երեւանից դուրս եմ գալիս, անպայման տղայիս էլ եմ տանում:
-Ձեր կյանքի դժվարին փուլն ի՞նչի հետ եք կապում:
-Այդպիսի փուլեր միշտ էլ կան: Ինչպես սրտի աշխատանքն է ուղեկցվում վայրիվերումներով, այնպես էլ կյանքը: Ուղիղ գիծը նշանակում է մահ: Եթե դժվարություններ չապրես, երջանկության պահերն այդքան ուժեղ չես զգա: Ամեն դեպքում, պետք է ամուր լինել, օպտիմիստ, հավատալ սեփական ուժերին եւ դժվարություններից չխուսափել, այլ ելք որոնել՝ չվնասելով որեւէ մեկին:
-Հումորը Ձեզ ավելի շատ օգնո՞ւմ է, թե՞ խանգարում:
-Այն միշտ է օգնում: Նույնիսկ եթե ատրճանակը ճակատիդ են դնում, չպետք է կորցնես հումորի զգացումը: Ես չգիտեմ՝ կա՞ մեկը, ով հումորի զգացում չունի:
-Եվ վերջում՝ ինչի՞ մասին եք երազում:
-Որ երկրումս ամեն բան լավ լինի, ընտանիքս է՛լ ավելի լավ ապրի, ես էլ լավ կլինեմ:
Աննա Բաբաջանյան