ՀԱՐՑ. Ե՞րբ կարելի է Արարատյան հարթավայրի բանջարային բույսերի ցանք ու սածիլման աշխատանքեր կատարել:
Նորայր Պետրոսյան (47 տարեկան, գյուղատնտես)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ յուրաքանչյուր կուլտուրայի ցանքի լավագույն ժամկետը այն է, երբ հողում սերմերի ծլման համար պահանջվող նվազագույն ջերմաստիճան է լինում: Բանջարեղենի ցանքի եւ ծլման համար կարելի է սահմանել հետեւյալ ժամկետները` վաղ գարնան ցանք, գարնան ցանք, ամռան ցանք, աշնան ցանք եւ ձմեռնամուտի ցանք:
Արարատյան հարթավայրի` բանջարային բույսերի բազմազանության եւ կենսաբանական տարբեր առանձնահատկությունների պայմաններում նրանց ցանքը կատարվում է տարբեր ժամկետներում: Վաղ գարնանացանը Արարատյան դաշտում սկսվում է ձյունը հալչելուց անմիջապես հետո եւ տեւում է մինչեւ ապրիլի վերջը: Այդ ժամկետում դաշտ են փոխադրում բոլոր երկամյա բույսերի սերմնակալները եւ վաղահաս կաղամբի սածիլները, այնուհետեւ ցանում են սոխ, գազար, ճակնդեղ, սպանախ, ամսաբողկ, ոլոռ, հազար, դդմիկ եւ կանաչեղեն:
Նշենք, որ գարնանը ցանքը տեւում է ապրիլի 25-ից մինչեւ հունիսի 15-ը: Այդ ժամանակամիջոցում ցանում են վարունգ, սեխ, ձմերուկ, լոբի, բամիա, ռեհան, կոռթին, եւ դաշտ են փոխադրում պոմիդորի, տաքդեղի, բադրիջանի եւ ուշահաս կաղամբի սածիլներ: Ամռանը ցանքը տեւում է հուլիսի 15-ից մինչեւ օգոստոսի 1-ը: Այդ ժամանակամիջոցում ցանում են տարեկան բողկ եւ կրկնացան վարունգ, լոբի, դդմիկ: Աշնան ցանքը տեւում է սեպտեմբերի 10-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը:
Այդ ժամանակամիջոցում ցանում են սոխ, սպանախ, կոտեմ, համեմ, պռասասոխ եւ մաղադանոս` հաջորդ տարվա վաղ գարնանը բերք ստանալու համար: Ձմեռնամուտի ցանքը կատարում են այն ժամանակ, երբ հողի 5 սմ խորության շերտում ջերմությունը 3-40 է, իսկ դրսում օդի կայուն ջերմաստիճանը 3-50-ից չի բարձրանում:
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ձմեռնամուտի ցանքը պետք է կատարել այնպես, որ սերմերը ծլեն միայն գարնանը` հողը տաքանալուն զուգընթաց: Ցանում են սոխ, գազար, սպանախ եւ բոլոր կանաչեղենները:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: