«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում Ազգային ժողովում երկու ընտրություն է սպասվում՝ Սահմանադրական դատարանի դատավորի եւ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի։ Առաջինի պարագայում թեկնածուն Արթուր Վաղարշյանն է, որն, ինչպես հայտնի է, արդեն հանդիպումներ է ունեցել խորհրդարանական երկու ուժերի հետ, այդ թվում՝ «Իմ քայլը» խմբակցության, սակայն վերջնական որոշման մասին խուսափում են բարձրաձայնել։
Իսկ, ահա, ՏՄՊՊՀ թեկնածու վարչապետն առաջարկել է Հայկ Կարապետյանի թեկնածությունը. վերջինս ընտրվելու պարագայում այդ պաշտոնին կմնա չորս տարի։ Նշենք, որ Կարապետյանը մինչ այս բազմաթիվ պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ, իսկ նախորդ տարվա օգոստոսից էլ եղել է վարչապետի աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի եւ մոնիթորինգի վարչության պետի պաշտոնակատար։ Այսինքն` նա վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար նոր մարդ չէ։