ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հյուսիս-Հարավ մայրուղու Աշտարակ-Ուջան հատվածը փակել են շինարարական ընկերությունները։ Ըստ նախնական տեղեկությունների` փակման պատճառն այն է, որ կատարած աշխատանքի համար մի քանի ամիս գումարներ չեն վճարվել։
Լուսավոր Հայաստան խմակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը այժմ շտապում է այնտեղ` իրավիճակին ավելի լավ ծանոթանալու համար։
«Մարդկանց գումարները օգոստոս-սեպտեմբերից չեն վճարվել։ Կառավարությունն ամբողջ մեղքը բարդում է իսպանական ընկերության վրա, եւ մինչև հիմա պատասխան չեն տվել` ինչպես են լուծելոււ հարցը։ Մինչև նոյեմբեր ամիսը ներառյալ աշխատել են առանց գումար ստանալու, նոյեմբերից էս կողմ այդ հատվածի վրա աշխատանքները կանգնած են։
Երեկ էլ երբ ես հարցը բարձրացրի Ազգային ժողովում, մարդիկ սպասում էին, որ մի հոդաբաշխ պատասխան կլինի պարոն Ավինյանի կողմից, գոնե ելքեր առաջարկվեր։ Որովհետև իսպանական ընկերությունն առաջարկել է այն դեպոզիտային գումարը, որը ինքը փոխանցել է հանրապետությանը կատարած աշխատանքի համար, դրա մի մասը օգտագործվի աշխատողների պարտքերի մարման համար, բայց կառավարությունը փաստորեն դեռ չի արձագանքել։
Առաջարկը արդեն մեկ ամիս է եղել է։ Հիմա շինարարները պահանջում են, որ Ավինյանը կա եւ կոնկրետ լուծումներ առաջարկի։ Գիտե՞ք` Իսպանական ընկերությանը ոչ մեր ճանապարհներն են պետք, ոչ մեր աշխատողները։ Հիմա պետք է կառավարությունը հարցին լուծում տա, հետո դատական կարգով թող կորած ծախսերի եւ վնասների փոխհատուցում պահանջի»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Գորգիսյանը։
«Գնում եմ իրավիճակին ծանոթանալու, եւ եթե պետք է, աշխատակիցներին իմ սատարումը հայտնելու»,- ասաց պատգամավորը։
Լուսինե Մինասյան