ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատգամավորները քննադատել են Տիգրան Ավինյանին. «Իմ քայլը» խմբակցության փակ նիստի մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ Factor.am լրատվական կայքի` ««Իմ քայլ»-ում քննարկվել է լրագրողների աղբյուրները բացահայտելու նպատակով ԱԱԾ-ին դիմելու, ինչպես նաեւ լրագրողների մուտքը 334 դահլիճ սահմանափակելու հարցը» վերտառությամբ հոդվածը թեժ քննարկումների առիթ է հանդիսացել ինչպես լրագրողական հանրության շրջանում, այնպես էլ նույն այդ իշխող խմբակցությունում:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ «Իմ քայլը» խմբակցության փակ նիստերից մեկը բավական բուռն էր անցել, այնքան բուռն, որ լրագրողներն էլ փակ դռների հետեւից կարողացել են լսել պատգամավորների խոսքերը եւ վերարտադրել դրանք: Ու հիմա այդ ամենն իշխող խմբակցության պատգամավորներին հիմք է տվել զգուշանալ նման քննարկումների արտահոսքերից: Վերջինիս հարցը մշտապես է խմբակցությունում դրված եղել, եւ պատգամավորներին զգուշացված է եղել խուսափել փակ նիստերից ինֆորմացիոն արտահոսքերից, սակայն վերջին նիստը, ինչպես ասում են, վերջին կաթիլն է եղել եւ հանգեցրել լրագրողների աշխատանքը սահմանափակելու մասին աղմկահարույց քննարկումների:

Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախօրեին «Իմ քայլը» խմբակցության անդամները հերթական փակ քննարկումն են ունեցել, սակայն այս անգամ ոչ թե խորհրդարանում, այլ կուսակցության գրասենյակներից մեկում: Մեզ հետ զրույցում պատգամավորներն այդ փաստը մեկնաբանեցին ոչ աշխատանքային օրով, սակայն մեր տեղեկություններով` պատգամավորները նաեւ ցանկացել են զգուշավորություն ցուցաբերել եւ ավելի փակ վայրում քննարկում անցկացնել: Ընդ որում, առաջին անգամը չէ, որ խմբակցության նիստերը նաեւ գրասենյակում են անցկացնում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախօրեի քննարկմանն անդրադարձ է եղել մի քանի հարցերի, այդ թվում` լրագրողների շուրջ ստեղծված իրավիճակին: Եվ մենք տեղեկացանք, որ իրավիճակը շտկելու նպատակով որոշում է կայացվել՝ պատգամավորները պետք է հարցազրույցներում, հայտարարություններում անընդմեջ շեշտեն լրագրողների հետ լավ հարաբերությունների հանգամանքը` փորձելով հարթել իրավիճակը: Եվ հենց դա էր պատճառը, որ երեկ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը, որը նախկին լրագրող է, հենց այդպիսի մեսսիջով հանդես եկավ` փորձելով սրված իրավիճակը մեղմել:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սարգիս Խանդանյանը չհերքեց, որ իր հարցազրույցն իսկապես լարված իրավիճակը մեղմելու նպատակ է ունեցել, սակայն նշեց, թե իր նախաձեռնությունն է եղել խոսելը: Միաժամանակ Խանդանյանը նաեւ ընդգծեց, որ լրագրողների շուրջ ստեղծված իրավիճակի հարցով խմբակցության առանձին անդամների հետ հաճախակի է քննարկում եղել, եւ ինքն էլ անձամբ այդ հարցի մասին զրուցել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ:

Ավելին` «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` բացի Սարգիս Խանդանյանից, այլ պատգամավորներ եւս իրենց մտահոգություններն են հայտնել խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին, որ պետք է հարթել իրավիճակը եւ ինչ-որ քայլել ձեռնարկել: Նույն խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանը, ում հետ զրույցից հետո էլ լրատվական կայքը նման հրապարակում էր արել, արդեն խուսափում է պատասխանել լրագրողների բանավոր հարցերին: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա հորդորեց հարցերն իրեն գրավոր ուղարկել` ընդգծելով, որ լրագրողների աշխատանքները սահմանափակելու հարց խմբակցությունում չի քննարկվում եւ չի էլ քննարկվել:

Մենք նաեւ տեղեկացանք, որ նախօրեի փակ նիստում անդրադարձ է կատարվել նաեւ մի քանի այլ հարցերի, այդ թվում` երեկ տեղի ունեցած Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությանը: Այդ հարցով մեկ անգամ եւս խմբակցության անդամները հավաքվել են նաեւ երեկ, սակայն արդեն խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի աշխատասենյակում, ընդ որում` խմբակցության ոչ բոլոր անդամներով` կրկին խուսափելով հայտնի 334 սենյակից, որտեղ էլ հիմնականում անցկացվում են խմբակցության նիստերը: Երկու հանդիպումների ժամանակ էլ նշվել է, որ պետք է դեմ քվեարկել դատավորի թեկնածուին, կապ չունի` ինչ գիտելիք, փորձ կամ հմտություն ունի վերջինս: Ընդ որում, ինչպես Գոռ Հովհաննիսյանի թեկնածության դեպքում, այնպես էլ այս անգամ եւս որոշում է կայացվել բազմաթիվ հարցեր ուղղել դատավորին` նաեւ քաղաքական ակտուալ թեմաներով եւ այդկերպ փորձել այլ լույսի ներքո ներկայացնել դատավորին` փորձելով հիմքեր գտնել նրան մերժելու համար:

Եվ երեկ եւս ՍԴ դատավորի թեկնածու Արթուր Վաղարշյանին բազմաթիվ հարցեր ուղղեցին` սկսած ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ աշխատելուց, վերջացրած ԲԴԽ-ի կարգավիճակով: ՍԴ դատավորի թեկնածուն էլ պատասխանեց բոլոր հարցերին: Սակայն, ինչպես եւ սպասելի էր, «Իմ քայլը» խմբակցությունը դեմ քվեարկեց նրան, եւ վերջինս չընտրվեց` ստանալով 53 դեմ, կողմ 30 ձայներ: Ի տարբերություն իշխանական խմբակցության` ընդդիմությունը բավական գոհ էր նրա թեկնածությունից եւ կողմ էր քվեարկել: Հավելենք, որ սա յոթերորդ գումարման խորհրդարանում արդեն երկրորդ դեպքն է, երբ ՍԴ դատավոր չի ընտրվում եւ կրկին մեծամասնության դեմ քվեարկելու պատճառով:

Հավելենք նաեւ, որ նախօրեի նիստում, բացի վերը նշված հարցերից, անդրադարձ է եղել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին. նա Ապարանում նախկին իշխանությունների հետ միջոցառումների է մասնակցել: Պատգամավորները քննադատել են նրա վարքը եւ մասնակցությունը նույն միջոցառմանը նախկին իշխանությունների ներկայացուցիչների, մասնավորապես Աղվան Հովսեփյանի հետ:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս