Դատավորների արտահերթ ժողովի հայտարարությունից հետո Բարձրագույն դատական խորհրդում խիստ վրդովվել են եւ ներքին կարգով դատավորներից հետաքրքրվել, թե ինչու այդպես արեցին:
Ինչպես զարգացան իրադարձությունները
Մայիսի 18-ին, երբ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը փոխեց մարտի 1-ի գործով մեղադրյալ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը եւ նրան ազատ արձակեց, դատական համակարգի գլխին սեւ ամպեր կուտակվեցին: Մայիսի 20-ին ՀՀ վարչապետի հորդորով փակվեցին ՀՀ բոլոր դատարանների դռները, որից հետո ՀՀ վարչապետը հայտարարեց, որ ՀՀ բոլոր դատավորները, այսպես ասած, պետք է վեթթինգ անցնեն, ու դատաիրավական ոլորտում պետք է վիրահատական միջամտություններ արվեն: Այսինքն` հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին:
Այս հայտարարությունից հետո` մայիսի 24-ին, հրաժարականի դիմում ներկայացրեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, իսկ, ահա, իրավիճակին զուգահեռ` դատավորները հրապարակավ հայտարարեցին, որ մայիսի 27-ին արտահերթ ժողով են հրավիրում դատական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված:
Եվ ահա, մինչ այդ ԲԴԽ-ի գործունեության մասին լռող դատավորներն ուշագրավ հայտարարություն արեցին, թե. «Դատավորների ընդհանուր ժողովը խստորեն դատապարտում է դատավորների հանդեպ ցանկացած անհարգալից դրսեւորում եւ կոչ է անում զերծ մնալ դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող, դատավորներին արատավորող արտահայտություններից, դատարանների բնականոն ընթացքը խոչընդոտող ցանկացած գործողությունից:
Դատավորների ընդհանուր ժողովն արձանագրում է, որ ԲԴԽ անգործությունը չի արտահայտում դատավորների անհատական կամքը, եւ այդ մարմինը գործնականում չի երաշխավորում դատավորների անկախությունը»:
Հայտարարության հետեւանքները
Դատավորների հրապարակած հայտարարությունը բավականին լուրջ քննարկման առիթ է դարձել ԲԴԽ-ի անդամների համար: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` ԲԴԽ անդամներից ոմանք ներքին կարգով խոսել են դատավորների հետ եւ ասել, թե ինչու նման բան արեցին: «Գագիկ Հարությունյանը հրաժարական էր տվել, գնացել էր, իսկ մենք էլ կարող էինք այդ ամենից հետո Ձեզ հետ համագործակցված աշխատել, բայց Դուք ժողով արեցիք ու ԲԴԽ-ին ասեցիք, որ կառույցն անգործության է մատնված: Դուք Ձեր այս քայլով թուլացրեցիք ԲԴԽ-ի դիրքերը, ԲԴԽ-ի գործունեությունը»:
Ու դատավորներից շատերը ԲԴԽ անդամներին բացատրել են, որ իրենց մեծ մասին զայրացրել է ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում արված հայտարարությունը: Մասնավորապես Հայկ Հովհաննիսյանը, անդրադառնալով այն հարցին, որ շատերը բարձրաձայնում են այն մասին, որ եթե դատավորների վարքում կան կասկածելի դրսեւորումներ, ինչու իրավապահները չեն զբաղվում, ի պատասխան` նա հայտնել էր. «Չեմ կարող շատ փակագծեր բացել. ի պաշտոնե մենք ստանում ենք որոշակի տեղեկություններ անձանց մասին, որտեղ գրված է ընդհանուր արտահայտություն, որ անձը ունի կոռուպցիոն հակումներ, այստեղ ինձ մոտ մեծ հարցական նշան է առաջանում. ուրեմն այստեղ պետք է երկու բան անել. կամ օպերատիվ հետախուզական միջոցներով այդ կոռուպցիոն հակումները պարզել եւ այդ անձին անարգանքի սյունին գամել, կամ, չգիտեմ, անել կաշառքի պրովոկացիա, ինչպես Վրաստանում էին անում, եթե անձը ունի կոռուպցիոն հակումներ, ապա այդ հակումները բացահայտել կոնկրետ գործով, բռնել եւ կրկին անարգանքի սյունին գամել …..:
Պետք է մարդկանց մեջ սերմանել ընդհանուր բարիքը նախընտրելու գաղափարախոսությունը, որ համայնքային եւ ընդհանուր բարիքն ավելին է, քան դու մտածում ես` այս կաշառքը վերցնեմ, գնամ, երեխուս համար լավ տուն առնեմ, կարճաժամկետ հարց ես լուծում…» :
Դատավորները բացատրել են, որ կաշառքի պրովոկացիա արտահայտությունը շատ է մտահոգել իրենց, եւ դա ասում է մի մարդ, որը ԲԴԽ անդամ է: Իսկ ինչ է իրենից ենթադրում կաշառքի պրովոկացիան, ասել է, թե իրավապահ մարմինները հատուկ թղթադրամ են ստեղծում եւ կոնկրետ մարդու ուղարկում դատավորի մոտ, որ նրան կաշառք տա` հասկանալու համար` նա հակում ունի՞ կաշառք վերցնելու: Եթե դատավորը այդ կաշառքը վերցնի, ապա կհայտնվի մեղադրյալի աթոռին:
Այսպիսով` դատավորներն ասել են` ինչու է ԲԴԽ անդամը նման բան ասել եւ ըստ էության առաջ քաշել մի բան, որը դատավորներին կրակի մեջ կգցի, ուստի իրենք էլ այդ հայտարարությունից վրդովված` որոշել են արտահերթ նիստի տեքստում նշել, որ ԲԴԽ-ն անգործության է մատնված:
Քնար Մանուկյան