Չիշիկ խմելու կոչ անող դատավորին կպատժե՞ն. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ՀՀ ԿԳ նախկին նախարար, նախկին ՕԵԿ-ական Սերգո Երիցյանի որդու` Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վարույթը հարուցել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը:

Հիմա դատավոր Երիցյանը պետք է ներկայանա հանձնաժողով ու ներկայացնի իր արդարացումները՝ հայտնի հայտարարության վերաբերյալ: Հետո հանձնաժողովը կորոշի՝ դատավորի հարցը ուղարկել ԲԴԽ, թե ոչ:

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին դատարանների մուտքը փակելու հայտնի ակցիայի մասին դատավորը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Իմ շատ սիրելի ընկերներ, լսել եմ այսօրվա կես բուռ անձանց անորոշ ակցիայից հետո շատերն են վախեցել: Իսկույն ՉԻՇԻԿ խմե՛ք, ասում են` օգնում ա»: Չնայած որոշ ժամանակ հետո դատավորը ջնջել էր գրառումը, բայց տարբեր լրատվամիջոցներ հասցրել էին այն հրապարակել: Հիմա անհարգալից այս գրառման համար դատավորը հայտնվել է պատասխանատվության ենթարկվելու վտանգի առաջ:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս