Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Կորպորասիոն Ամերիկա» օդանավակայանների ղեկավարության գագաթնաժողովին: Իր ելույթում վարչապետն ընդգծեց Գյումրու «Շիրակ» օդանավակայանի արագ եւ ամբողջ ծավալով գործարկման կարեւորությունը:
Գագաթնաժողովին վարչապետը խոսել է տեղական ավիափոխադրողների գործունեության մասին եւ ընդգծել, որ ծավալները ցանկալի չափի չեն: «Սա պետք է լինի մեր համագործակցության հաջորդ ուղղությունը, որպեսզի կառավարությունը եւ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը, «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունն, իրար հետ համագործակցելով, կարողանան ստեղծել այնպիսի պայմաններ, որ հնարավոր լինի հայկական ավիափոխադրողի կամ ավիափոխադրողների ի հայտ գալն ու նրանց մրցունակությունն ապահովելը:
Ըստ էության, սրանք են այն հիմնական, առանցքային ռազմավարական ուղղությունները, որոնց մասին մենք պարոն Էռնեկյանի հետ արդեն մի քանի անգամ քննարկումներ ունեցել ենք, բայց դա չի նշանակում, թե Էռնեկյան ընտանիքի եւ «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության գործունեությունը սահմանափակվում է միայն նշվածով»,- նշել է պարոն Փաշինյանը:
Բայց մյուս կողմից, ավիացիոն մասնագետների պնդմամբ` հայկական ավիացիայի զարգացման միակ խոչընդոտը ՀՀ կառավարության եւ արգենտինյան «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության միջեւ կնքված կոնցեսիոն պայմանագիրն է, որի համաձայն` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը 2002թ. հունիս ամսից` 30 տարի ժամկետով, կոնցեսիոն կառավարման է հանձնվել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին:
Ըստ մասնագետների` այս կոնցեսիոն պայմանագիրը բացասական ազդեցություն ունի ավիացիայի ոլորտի վրա, ինչի հետեւանքով ընկերությունը մենաշնորհային դիրք է զբաղեցնում: Ավիաընկերությունները եւս տուժում են. չէ՞ որ իրենք քիչ եկամուտ են ստանում` սպասարկման համար բարձր վճարելով, էլ չենք խոսում դրա հետեւանքով ավիաընկերությունների կողմից ավիատոմսերի բարձր արժեքների մասին:
Բայց գագաթնաժողովին վարչապետը հայտարարեց նաեւ, որ Գյումրու օդանավակայանն ամբողջ ծավալով գործարկելը կնպաստի մեկ այլ կարեւոր խնդրի լուծմանը` ավիատոմսերի գների նվազմանը: Իսկ ավիացիոն մասնագետները համոզված են, որ ավիատոմսերը չեն էժանանա, քանի դեռ չկա մրցակցություն ապահովող տեղական ավիաընկերություն: Այսինքն` ուղեւորահոսքը մի քանի անգամ ավել կաճի միայն տեղական ավիաընկերության շահագործման դեպքում:
Նրանց խոսքերով` փորձը ցույց է տվել, որ տեղական ավիաընկերությունը տարեկան 30 տոկոսով ավելացնում է ուղեւորահոսքը: Նշենք, որ այս հարցերի շուրջ ամիսներ առաջ ավիացիոն մասնագետների խումբը բաց նամակ էր գրել` վարչապետին ուղղված, որով խնդրել էին գործադիրին ավիացիայի ոլորտում օրենսդրական դաշտը կարգավորել, կոնցեսիոն պայմանագիրը որոշ չափով փոխել, վերանայել: Մասնագետներին պատասխանել էր վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանը:
Պատասխան նամակում նշված էր, որ նախապատրաստական փուլում է գտնվում «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու գործընթացը: Ապա նշվել էր, որ առաջիկայում կառավարության եւ «Զվարթնոց» օդանավակայանի ղեկավարության հետ քննարկումներ են կայանալու օդանավակայանի սպասարկման գների եւ տեղական ավիափոխադրողների հետ համագործակցության շուրջ:
Ավիացիոն մասնագետները երեկ տեղի ունեցած գագաթնաժողովի արդյունքներից դժգոհ են. նշում են` միակ լուսավոր կետը Գյումրու «Շիրակ» օդանավակայանի վերանորոգումն է, որի աշխատանքները շուտով կսկսվեն:
Նկատենք, որ վարչապետը երեկվա ելույթում մեծ գոհունակությամբ հայտարարեց «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման մասին: «Շատ լավ նորություն է, որ օդանավակայանն, ըստ էության, հասնում է իր թողունակության առավելագույն ծավալին: Սա չափազանց լավ նորություն է: Ուզում եմ ընդգծել, որ ֆինանսական ներդրումները չափազանց կարեւոր են Հայաստանի, մեր երկրի տնտեսության համար, բայց ես առանձնապես շատ ավելի կարեւոր եմ համարում բիզնեսի, տնտեսվարման այն նոր մշակույթը, որ ընկերությունն իր հետ բերել է Հայաստան եւ դեռ կշարունակի բերել:
Ուրախ եմ արձանագրել, որ այս առումով Հայաստանի կառավարությունը եւ «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունը միմյանց հետ շարժվում են համաքայլ, եւ բոլորիս ցանկությունն ու համոզմունքն է, որ այս գործընթացը կշարունակվի, եւ մենք իրար հետ կաշխատենք մեր հայրենիքի` Հայաստանի իմիջի, պատկերի, բովանդակության փոփոխության, նոր մշակույթի, նոր զարգացման վրա, որն, ի վերջո, պիտի պսակվի տնտեսական հեղափոխության հաղթանակով»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մասնագետները նշեցին, որ ավիացիայի հզորությունը չափվում է երեք հիմնական գործոններով` երկրում գործող օդանավակայանների քանակով, երկրում բազավորված եւ շահագործվող ինքնաթիռներով եւ երկրում աշխատող ավիացիոն մասնագետներով: Իսկ ինչպես հայտնի է, «Արմավիա» ավիաընկերության սնանկացումից հետո բազմաթիվ մասնագետներ լքեցին Հայաստանը` աշխատանք գտնելով այլ երկրներում: Ավելին, պարզվում է կոնցեսիոն պայմանագիրը հարվածում է առաջին կետի. ՀՀ-ում 250 կմ շառավղով այլ օդանավակայան չի կարող լինել, դրա համար էլ Գյումրու «Շիրակ» օդանավակայնը դարձյալ տրվեց «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությանը:
Բացի այդ, կոնցեսիոն պայմանագրով «Զվարթնոց»-ին տրված 250 կմ շառավիղը մեծ խոչընդոտ է փոքր ավիացիայի զարգացման համար: Աշխարհում մարդիկ կարողանում են սեփական բակից թռիչք կատարել այլ երկիր: Մեզ մոտ դա չկա: Օրինակ` եթե որեւէ մեկը փորձի դեպի Վրաստան թռիչք կատարել ոչ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքից, ապա կոնցեսիոն պայամանագիրը դա արգելում է, թույլ չի տալիս, իսկ «Զվարթնոց» օդանավակայանից թռիչք կատարելը փոքր բիզնեսի համար շատ թանկ է:
Սյունէ Համբարձումյան