Այս տարվա հունիսի 2-ի դրությամբ ներում ստացած վարկառուների քանակը կազմել է 20 հազար 889: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ կենտրոնական բանկից: Բացի այս, ըստ ԿԲ-ի` ֆիզիկական անձանց տրամադրված անհուսալի ճանաչված վարկերի գծով ներված տույժերի եւ տուգանքների ծավալն այս տարվա հունիսի 2-ի դրությամբ կազմել է 11 մլրդ 817 մլն դրամ: Իսկ, ահա, 126 հազար 585 անձանց վարկային պատմությունը բարելավվել է:
ԿԲ-ից տեղեկացնում են նաեւ, որ, անցած տարվա հուլիսի 1-ից սկսած, ֆիզիկական անձ հանդիսացող վարկառուների, համավարկառուների եւ երաշխավորների վերաբերյալ վարկային զեկույցներում չի ներառվում մինչեւ 2018 թվականի մայիսի 1-ը ներառյալ ժամկետանց դարձած եւ դասակարգված այն վարկերի մասին տեղեկությունը, որոնց պայմանագրային մայր գումարը չի գերազանցում 50 հազար դրամը:
Տեղեկացնենք, որ Հայաստանի մի քանի առեւտրային բանկեր նախորդ տարի կառավարության հորդորով սկսեցին համաներում կիրառել անհուսալի վարկառուների տույժ-տուգանքների պարտավորությունների գծով:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը չի դադարում դժգոհություններ ստանալ քաղաքացիներից այն մասին, որ բանկերն այդ համաներումը փորձում են անել այնպես, որ հնարավորինս քիչ մարդ կարողանա օգտվել ստեղծված հնարավորությունից: Որոշ բանկեր եւ վարկային կազմակերպություններ արհեստական խոչընդոտներ են ստեղծում, երբեմն էլ ձգձգում են համաներման այս գործընթացը:
Բանկերի մի մասը համաներման գործընացը սկսել է նախորդ տարվա հուլիսի 1-ից: Բացի այս, կան վարկային կազմակերպություններ, որոնք իրենց անհուսալի վարկառուներին բացասական են պատասխանում` նշելով, որ իրենք տույժ-տուգանքների համաներում չեն կիրառելու: Իսկ վարկային կազմակերպություններ էլ կան, որոնք քաղաքացու վարկը համաներման անվան տակ վերավարկավորում են` այդպես բարձր տոկոսադրույք սահմանելով: Այդ ամենի հետեւանքով քաղաքացին է՛լ ավելի մեծ ֆինանսական վնաս է կրում:
Սյունէ Համբարձումյան