Երեք ամսում` 1624 հարբած վարորդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանությունը ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտում խիստ մոտեցում է ցուցաբերում այն խախտումների նկատմամբ, որոնք կարող են ունենալ ծանր հետևանքներ: Միայն 2019-ի առաջին եռամսյակում ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու 278-ով ավելի դեպք է արձանագրվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտում ոստիկանությունը էապես մեղմացրել է վարչարարությունը: Վերջին մեկ տարվա ընթացքում շուրջ 500 հազար պակաս վարչական տույժ է նշանակվել նախորդ նույն ժամանակի համեմատ: Դրան զուգահեռ, շուրջ 2 անգամ աճել է խախտում կատարած անձանց նախազգուշացնելու քանակը: Առավել խիստ մոտեցում է ցուցաբերվում այն խախտումների նկատմամբ, որոնք կարող են ունենալ ծանր հետևանքներ: Միայն 2019-ի առաջին եռամսյակի դրությամբ արձանագրվել է ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու 1624 խախտում: Դա 278-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»,-ներկայացրեց Օսիպյանը:

Ոստիկանության կողմից տարված արդյունավետ քաղաքականության հետևանքով երեք ամսվա դրությամբ ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը կրճատվել է 12-ով: Օսիպյանը նկատեց, որ դա տեղի է ունեցել այն իրավիճակում, երբ 2018-ին հանրապետություն ներկրված ավտոմեքենաների թիվը կազմել է 73 հազար 562` աճը կազմելով 92.2 տոկոս:

Ոստիկանությունը ոլորտում նախաձեռնել է նոր մոտեցում: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելով առաջարկվելու է վերանայել երթևեկության ոլորտում թույլ տրվող վարչական իրավախախտումների համար նախատեսվող տուգանքների չափերը` ներդնելով բալային միավորների համակարգ:




Լրահոս