ԼՅՈՎԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ ԱՅԼ ԱՆՁ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ աղմուկ հանած «Փյունիկ» հիմնադրամը, որի համահիմնադիրն ու տնօրենը նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրն է՝ Լյովա Սարգսյանը, «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի համաձայն, ներկայացրել է 2018թ. տարեկան հաշվետվությունը:

Այս հիմնադրամն, ի դեպ, արդեն մի քանի ամիս է՝ դադարեցրել է իր գործունեությունը, եւ 2018թ. մայիս ամսից սկսած` որեւէ ծրագիր չի իրականացրել: Նկատենք, որ 2008-ից գործող այս հիմնադրամի խոշոր եւ մշտական ֆինանսավորողների ցանկում է եղել Երեւանի քաղաքապետարանը եւ մեկ այլ աղմկահարույց հիմնադրամ՝ ամիսներ առաջ ԱԱԾ-ին «հյուրընկալած» «Երեւան»-ը, որոնք ամեն տարի միլիարդավոր դրամներ են փոխանցել «Փյունիկին»՝ տարբեր ծրագրեր իրականացնելու համար: «Փյունիկի» 2018թ. գործունեության հաշվետվությունից տեղեկանում ենք, որ մասնավորապես նախորդ տարի հիմնադրամին Երեւանի քաղաքապետարանից սիզամարգեր ստեղծելու եւ ծաղկապատում իրականացնելու համար փոխանցվել է 103 մլն 135 հազար 600 դրամ, եւս 200 միլիոն դրամ էլ` բակային տարածքների եւ խաղահրապարակների հիմնանորոգում ու պահպանում իրականացնելու համար: Այլ աղբյուրներից հիմնադրամին ֆինանսավորում չի եղել: Այսինքն՝ միայն քաղաքապետարանից «Փյունիկին» է փոխանցվել շուրջ 303 մլն դրամ: Իրավաբանական անձանց կողմից դրամական մուտք եղել է արտասահմանյան «Ստատու Մաքսոլար Փոուեր ԼԹԴ-ի» կողմից՝ 24 մլն 170 հազար 85 դրամ: Ֆիզիկական անձանց կողմից դրամական մուտքեր նույնպես եղել են, մասնավորապես` Լյովա Սարգսյանի կողմից՝ 672 հազար 228 դրամ, եւ սփյուռքահայ բարերար Գաբրիել Չենբերջյանի կողմից՝ 500 հազար դրամ: Այլ ֆիզիկական անձանց կողմից ապահովված ֆինանսական մուտքերը կազմել են 26 մլն 188 հազար 822 դրամ: Նախորդ տարի ՀՀ համայնքների կողմից հիմնադրամին նվիրատվություններ չեն արվել, իսկ իրավաբանական անձանցից միայն մեկ ընկերություն՝ «Կայիքի գրուպ ԼԹԴ-ն» է նվիրատվություն արել՝ 39 մլն 144 հազար դրամ: Սա նույնպես արտերկրում գործող ընկերություն է: Հիմնադրամը նախորդ տարի ընդամենը երկու ծրագիր է իրականացրել՝ բարեգործական բեռների ներմուծում եւ անհատույց բաշխում, որի վրա ծախսել է 363 միլիոն 464 հազար 96 դրամ, եւ հրատարակչական աջակցություն է ցուցաբերել՝ ծախսելով 2 մլն 5 հարյուր հազար դրամ: «Փյունիկի» կանոնադրական նպատակների իրականացման եւ ֆինանսական տարվա օգտագործված միջոցների չափն էլ կազմել է 489 մլն 478 հազար դրամ:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ հաշվետվության վերջում հիմնադրամի տնօրենի ստորագրության փոխարեն գրիչով, ձեռագրով գրված է Լեւոն Սարգսյան, իսկ, ահա, փաստաթղթում առկա կնիքի վրա անհայտ անձի ստորագրություն է: Թե ով է ստորագրության հեղինակը, մեզ պարզել չհաջողվեց: Իսկ հիմնադրամից հաստատեցին, որ ստորագրությունը Լ. Սարգսյանինը չէ, քանի որ վերջինս ՀՀ-ում չէ: «Եթե ուշադիր լինեք, Լ. Սարգսյանը հայերեն է ստորագրում, իսկ կնիքի վրա բոլորովին այլ ստորագրություն է: Պարզապես իր փոխարեն ուրիշ մեկը ստորագրել է, իր անվան դիմաց էլ գիծ է քաշված, որպեսզի հաշվետվությունը հրապարակվի, քանի որ օրենքը տուգանք է նախատեսում սահմանված ժամկետում հաշվետվություն չներկայացնելու համար: Հավատացած եղե՛ք, որեւէ մեկը հարյուր տարի մնա իր տեղը, որեւէ փաստաթուղթ չի ստորագրի»,-պարզաբանեցին հիմնադրամից: Իսկ թե կոնկրետ ով է ստորագրել, հիմնադրամից չհայտնեցին: Նրանք միայն ասացին, որ հիմնադրամի բոլոր փաստաթղթերն առգրավված են ԱԱԾ-ի կողմից եւ ֆինանսների նախարարությունը համապատասխան ուսումնասիրություններ է կատարում: «Հիմնադրամն էլ դիմում է ներկայացրել հարկային՝ գործունեությունը դադարեցնելու համար, քանի որ ընթացիկ ծախսեր կան. ո՞վ պետք է վճարեր, եթե հիմնադրամը չի աշխատում»,-հայտնեցին հիմնադրամից: Իսկ թե արդյոք այն կլուծարվի, թե հետագայում կշարունակի իր գործունեությունը, այդ հարցում հստակություն կմտցվի միայն հիմնադրամի կառավարչի՝ Հայաստան վերադառնալուց հետո:
Նկատենք, որ նախորդ տարիներին նույնպես հիմնադրամում միլիոնավոր դրամների շարժ է եղել: Մենք ուսումնասիրեցինք «Փյունիկի» 2017 թ. գործունեության հաշվետվությունը եւ պարզեցինք, որ հիմնադրամը, որպես ծրագիր, նախորդ տարի իրականացրել է 346 միլիոն 351 հազար 641 դրամի բարեգործական բեռների ներմուծում եւ անհատույց բաշխում: Հիմնադրամը ֆինանսավորվել է Երեւանի քաղաքապետարանի եւ «Երեւան» հիմնադրամի կողմից: «Երեւան»-ը տարիներ շարունակ որոշակի ծրագրեր իրականացնելու համար իր միջոցներից ահռելի գումարներ է փոխանցել մեկ այլ հիմնադրամի, մինչդեռ նույն այդ ծրագիրը հաջողությամբ կարող էր իրականացնել հենց ինքը: Մասնավորապես, «Երեւան» հիմնադրամից «Փյունիկին» 2016-ին ընդհանուր մոտ 556 մլն դրամ է փոխանցվել՝ տարբեր ծրագրեր իրականացնելու համար: Դե իսկ 2017-ին միայն Երեւանի քաղաքապետարանի բյուջեից «Փյունիկին» է փոխանցվել շուրջ 275 մլն դրամ:
Հիշեցնենք, որ Լյովա Սարգսյանը մեղադրվում է ապօրինի հարստացման եւ հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու մեջ: Դատարաններն ամռանից քննում են նրա խափանման միջոցի հարցը: Հարուցված գործի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակ ունեն նաեւ Սարգսյանի որդին եւ դուստրը` Նարեկ եւ Անի Սարգսյանները: Լ. Սարգսյանը մինչեւ այժմ գտնվում է հետախուզման մեջ: ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նրա գտնվելու վայրը` հասցեն, իրավապահներին հայտնի է, սակայն նրան Հայաստան բերելու կապակցությամբ դժվարություններ կան:

ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԽՈՒՄԲ Է ՍՏԵՂԾՎԵԼ
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի խոսքով` հիմա աշխատանքային խումբ է ստեղծված, որը մշակում է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման վերաբերյալ փաթեթ, որը պետք է կարգավորի մի հարց, որով, միեւնույնն է, լուծումը տալու է դատարանը: Նրա խոսքով` այլ գործընթացներ, այլ քրեաիրավական մեխանիզմներ են առաջարկվելու, որով էլի դատախազը` մի կողմում, մյուս կողմում` կոնկրետ գույքի սեփականատերը դատարանում ներկայացնելու են իրենց փաստարկները: «Այսինքն` դարձյալ դատարանն է որոշելու` գույքը ապօրինի է ձեռք բերված, թե օրինական»,-ասել է նա: Հարցին, թե ով է կասկած հարուցելու որեւէ անձի սեփականության օրինական լինել-չլինելու վերաբերյալ, դատախազը պատասխանել է. «Հենց քննարկումները դրա շուրջ են, թե նման վարույթներն ինչ առիթներով կարող են սկսվել: Հիմա աշխատանքային խումբը հենց այդ մեխանիզմների վրա է աշխատում, թե ինչ աղբյուրներ պետք է վկայակոչվեն, որոնց առկայության պայմաններում դա կարող է առիթ հանդիսանալ ստուգողական վարույթներ իրականացնելու, եւ ինչ պայմաններում է, որ դատախազը կգնա դատարան եւ կներկայացնի հմապատասխան հայց: Սա գործիք է, որ գալիս է օգնության քրեական արդարադատությանը»: Նշենք, որ հնարավոր է` ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը` որպես մեղադրող, մասնակցի Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու գործով դատավարությանը: «Ամեն բան հնարավոր է»,-նշել է նա:

 

 

9 ՀՈԳԻ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ
ԱԺ 60 մաքրուհիներից 9-ը հրաժարվել են «Քլիներս» ընկերության հետ պայմանագիրը երկարաձգել, իսկ 51-ը երկարաձգել են եւ համաձայնել շարունակել աշխատանքը: «Ավելի լավ է` մնանք շենքի ներսում եւ պայքարենք, քան այս դարպասներից դուրս գանք: Բացի այդ` որոշեցինք մնալ, մինչ ուրիշ աշխատանք կգտնենք, որ առանց գումար չմնանք»,-նշում են նրանք: Աշխատանքը շարունակելու որոշումը 51 մաքրուհիները կայացրել են երեկ առավոտյան` «Քլիներս» ընկերության տնօրեն Գարուշ Պապիկյանի հետ հանդիպումից հետո: Հիշեցնենք, որ նախկինում ԱԺ շենքի մաքրությունը երկու ժամում ապահոված մաքրուհիներին վճարվում էր 65 հազար դրամ, մինչդեռ ԱԺ նոր ղեկավարությունը շենքի մաքրության ապահովման համար պայմանագիր է կնքել մասնավոր «Քլիներս» ՍՊԸ-ի հետ:

 

 

18 ՀԵՌԱԽՈՍ ԵՆ ԳՈՂԱՑԵԼ
Նախօրեին ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ բջջային օպերատորներից մեկի` Գորիսի մասնաճյուղից գողություն է կատարվել:Պարզվել է, որ օրեր առաջ հարմարեցված գործիքով բացել են դուռը, մտել մասնաճյուղ եւ գողացել տարբեր տեսակի 18 բջջային հեռախոս` պատճառելով 1.486.000 դրամի վնաս: Հարուցվել է քրգործ: Պարզվել է, որ գողությունը կատարելուց հետո նրանք փախել են Ս. Մուսինյանի «Օպելով»: Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքերի բոլոր հանգամանքները եւ յուրաքանչյուրի դերակատարումը պարզելու ուղղությամբ:

 

 

ԴՌՆՓԱԿ
Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով դատական նիստը երեկ մեկնարկել է դռնփակ: Դատարանը հետազոտում է այս գործով ներկայացված ապացույցները. դրանք Հրաչյա Հարությունովի հեռախոսային գաղտնալսումներն են: Նախորդ նիստին Հարությունովի փաստաբանը նիստը դռնփակ անցկացնելու միջնորդություն ներկայացրեց դատարան՝ պնդելով, որ այդ ձայնագրություններում կան հայհոյանքներ եւ Հարությունովի կնոջ եւ որդու անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ: Թեեւ դատախազն առարկեց, դատարանը բավարարեց միջնորդությունը:

 

 

ԿԱՍԵՑՐԻՆ
2019 թվականի մարտի 29-ին Բարձրագույն դատական խորհուրդը, դռնփակ նիստում քննության առնելով ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Զենիկի Հեբոյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի կողմից 2019 թվականի մարտի 29-ին ներկայացված միջնորդությունները, որոշեց դրանք բավարարել: Խորհուրդը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 165-րդ հոդվածի 1-ին մասով, Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգի 96-րդ կետով` որոշեց նաեւ կասեցնել դատավոր Գագիկ Հեբոյանի լիազորությունները մինչեւ վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը:

 

 

ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտոնի նախկին տնօրեն Արա Մինասյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշումը վերացվել է: Քննիչը նախաքննության ընթացքում Մինասյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշում էր կայացրել: Պաշտպանական կողմը բողոքարկել էր քննիչի այս որոշումը առաջին ատյանի դատարան, որը բավարարվել էր, ինչից հետո հսկող դատախազը սույն որոշման դեմ Վերաքննիչ բողոք էր ներկայացրել, եւ դատարանը երեկ մերժել է բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը: Նախաքննության ներկա փուլում հանցագործությամբ առերեւույթ պատճառված վնասի չափը կազմում է 426.343.650 ՀՀ դրամ:

 

 

ՉԻ ԱՍԻ
Հայաստանի տնտեսության ամենաստվերային ոլորտը մանրածախ վաճառքն է. այս մասին ասել է ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը: Հարցին, թե որն է Հայաստանի տնտեսության ամենաստվերային ոլորտը, ՊԵԿ նախագահը պատասխանել է. «Մանրածախ վաճառքը»: Իսկ այն հարցին, թե կարող է արդյոք մոտավոր թիվ ասել, վերջինս պատասխանել է. «Ո՛չ, կարող եմ, բայց չեմ ասի, դա աշխատանքային է»:




Լրահոս