Ամառային նորաձևության այս տարվա հակաթրենդները՝ ըստ Արամ Նիկոլյանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամառային նորաձեւությունը թելադրում է իր միտումները եւ, անշուշտ, ունի նաեւ «հակացուցումներ»: «Ժողովուրդ»-ն արդեն գրել է, թե այս ամառ որ թրենդները մեծ տարածում ունեն հավաքածուներում: Հիմա արդեն կանդրադառնանք հակաթրենդներին: Այդ հարցում դիմել ենք դիզայներ-ոճաբան Արամ Նիկոլյանի օգնությանը:

-Արա՛մ, այնպիսի տպավորություն ունեմ, որ կիպ ու կարճ մոդելները հավաքածուներում քիչ տարածում ունեն, եւ դիզայներները նախապատվությունը տալիս են oversize ոճի հագուստին: Այդպե՞ս է:

-Գլոբալ առումով թրենդային ուղղություն է oversize-ը, ավելի լայն, սովորական չափից մեծ հագուստներն են տարածված, մասսայական: Այդ առումով Դուք ճիշտ եք: Բայցմիեւնույն ժամանակ պետք է նշեմ, որ այսօր ակտուալ է 1980-ականների թեման, որն իր մեջ ներառում է մինի կոչվածը, ավելին՝ մինին այդ ուղղության մեջ պիկային կետում է: Ուզում եմ շեշտել, որ այսօր արդեն նորաձեւության ոլորտում ոչինչ միանշանակ չէ: Եթե մենք զրուցեինք 1990-ականներին, այն ժամանակ կային հստակ թրենդներ եւ հակաթրենդներ: Մեր օրերում չկա այդ կոնկրետությունը:

-Վերջերս կարդացի, որ լողազգեստ ընտրելիս պետք է այս ամառ նախապատվություն տալ մի կտորից կարված մոդելներին, այդպե՞ս է:

-Այս դեպքում էլ ոչինչ միանշանակ չէ: Պարզապես պետք է հստակ տարանջատել լողավազան գնալու համար նախատեսված լողազգեստը լողափի լողազգեստից: Դա արդեն էթիկայի հարց է:

-Խուսափելով կոնկրետ տարանջատումներից, այնուամենայնիվ, խոսենք այն մասին, թե որ մոդելի զգեստներն ու աքսեսուարներն ավելի մեծ եւ որոնք ավելի փոքր տարածում ունեն:

-Այո, այդպես ավելի ճիշտ կլինի:

-Օրինակ՝ ակնոցների պարագայում մի շարք մոդելներ մղվել են երկրորդ պլան:

-Հիմա դիսկո ոճի սուր մոդելներն են մոդայիկ, ոչ ստանդարտ ֆորմաները: «Արմանիի» մոտ ենք հաճախ հանդիպում ոչ կլոր եւ ոչ քառակուսի ֆորմաների: Ակտուալ են նաեւ ամբողջովին կլոր, Լեպսի ոճը հիշեցնող մոդելները: Փոխարենը քիչ կիրառելի են մեծ, ծավալուն ակնոցները:

-Մի պարբերական էլ գրել էր, որ ուսապարկերն այլեւս մոդայիկ չեն:

-Դա ծիծաղելի է: Ֆունկցիոնալ առումով ուսապարկերը միշտ կիրառական են, եւ դրանք չեն կարող նորաձեւությունից դուրս գալ: Եթե, օրինակ, գնում ես հանգստի, չես կարող հետդ ուսապարկ չտանել: Կարճ ասած՝ հիմա աշխարհը գլոբալ առումով գնում է դեպի հարմարավետության: Սա է հիմնականը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս