ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՄԻ ԿԱԹԻԼ ՄԵՂՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է` հասարակական-քաղաքական շրջանակների քննարկումների թիվ մեկ թեման դարձել է ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերով հանձնաժողովի լսումների ժամանակ խորհրդարանի ամբիոնից ԼԳԲՏ համայնքի ներկայացուցչի ելույթը: ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության եւ ԲՀԿ-ի միջեւ տեղի ունեցածը միջկուսակցական պատերազմի պատճառ է դարձել: ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերով հանձնաժողովի նախագահ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները միմյանց մեղադրում են ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին խորհրդարանական լսումներին հրավիրելու համար` կատարվածի ողջ պատասխանատվությունը գցելով միմյանց վրա: Նույնիսկ հրապարակվեցին փաստաթղթեր, որ լսումների հրավեր արել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը, «Իմ քայլն» էլ հրապարակեց հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի գրությունը` ԱԺ աշխատակազմի ղեկավարին՝ մի խումբ անձանց, այդ թվում՝ «Իրավունքի կողմ» հ/կ ներկայացուցիչներին (որոնք, ինչպես պարզվում է, ԼԳԲՏ անդամ են) խորհրդարանի շենք մուտքի թույլտվություն տալու վերաբերյալ:
Իրականում այս պատմությունը հիշեցնում է մի կաթիլ մեղրի պատմությունը: ԱԺ լսումների հրավիրելիս ո՛չ ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերով հանձնաժողովի նախագահը, ո՛չ «Իմ քայլի» պատգամավորները, ո՛չ ԱԺ աշխատակազմը չէին կարող պատկերացնել, որ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները ոչ միայն կարող են մտնել ԱԺ շենք, այլեւ ելույթ ունենալ՝ բացահայտ խոսելով իրենց իրավունքների մասին: Ի վերջո, լսումներին մասնակցելու ցանկություն հայտնելիս նրանք չեն ասել, թե ովքեր են: Բայց, մյուս կողմից, ԱԺ-ում կարող էին նախապես ուսումնասիրել մասնակցության հայտ ներկայացրածների ինքնությունն ու հետո միայն որոշում կայացնեին՝ հաշվի առնելով հնարավոր անցանկալի հետեւանքները: Այնպես որ, այստեղ մեղավորներ փնտրելը, միջկուսակցական պատերազմ մղելը, մեղմ ասած, տեղին չէ, առավել եւս, երբ այդ ամենից օգտվեցին հենց ԼԳԲՏ ներկայացուցիչները, որոնք հիմա փորձում են տեղավորվել հալածյալի կերպարի մեջ եւ ընդամենը մի փոքր ելույթով մի քանի օր շարունակ դարձան հասարակական-քաղաքական քննարկումների թիվ մեկ թեման մի երկրում, որն իրականում ավելի լուրջ խնդիրներ ունի:

 

 

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում առաջիկայում կադրային ու կանոնադրական փոփոխություններ են սպասվում: ՔՊ վարչության անդամներից ԱԺ պատգամավորներ Վահագն Հովակիմյանը գլխավորում է կանոնադրության, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը՝ ծրագրի նոր տարբերակների նախագծերի մշակմամբ զբաղվող աշխատանքային խումբը: Բացի այդ, ԵԿՄ վարչության նախագահ ընտրվելուց հետո Սասուն Միքայելյանը հայտարարել է մայիսին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի պաշտոնից հրաժարվելու մտադրության մասին, որպեսզի ԵԿՄ-ն չկուսակցականացվի: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Վահագն Հովակիմյանը տեղեկացրել է, որ Միքայելյանի հրաժարականի դեպքում փոխնախագահ Սուրեն Պապիկյանը կղեկավարի կուսակցությունը, մինչեւ իրենք նոր համագումար հրավիրեն, նոր վարչության կազմ ու վարչության նախագահ ընտրեն. «Այսինքն` մենք այդտեղ պարտադրված չենք արագ վարչության նախագահի ընտրություններ կազմակերպել, որովհետեւ կա վարչության նախագահի տեղակալ, որը որ վարչության նախագահի բացակայության ժամանակ պարտականությունները կատարում է»: ՔՊ համագումարը հնարավոր է անցկացվի ամռանը, թեեւ կոնկրետ օրը դեռ որոշված չէ:

 

 

 

Ապրիլի 2-ի երեկոյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, աշխատանքից ազատվեցին նրա` արարողակարգի պատասխանատու Ալեքսանդր Մխիթարյանը, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Սարգսյանն ու Կադրերի եւ անձնակազմի կառավարման վարչության պետ Մարգարիտ Ազարյանը: Պաշտոնապես մեկնաբանվեց, որ այդ մարդիկ վարչապետի հանձնարարությունները պատշաճ չեն կատարել: Այս կապակցությամբ «Ժողովուրդ» օրաթերթին երեկ որոշ մանրամասներ հայտնի դարձան: Ազատման պատճառը կապված է Տնտեսական մրցակցության պաշտպանության եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների ղեկավարների նշանակման վերաբերյալ օրենսդրական փոփոխություններ ԱԺ ներկայացնելու եւ այդ նշանակումների ժամկետները խախտելու հետ: Իսկ, ահա, խնդրի հիմնական պատասխանատուներից վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, ինչպես տեսնում ենք, շարունակում է պաշտոնավարել, այնինչ, նա` որպես աշխատակազմի ղեկավար, ուներ իր պատասխանատվության բաժինը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություններ ստանալ այս կապակցությամբ, սակայն չհաջողվեց:

 

 

 

ԵԿՄ արտահերթ համագումարն, ըստ էության, վերամիավորման համագումար էր. այս տարիներին ԵԿՄ շարքերից հեռացած ազատամարտիկները, որ ստեղծել էին իրենց հասարակական կազմակերպությունները, ԵԿՄ-ի շուրջ համախմբման մասին հայտարարեցին. նրանք ներկայացնում են «Աշխարհազորային եւ կամավորական ջոկատներ» ՀԿ-ն, «Արաբո» հայրենասիրական ՀԿ-ն, «Սեւ հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ-ն, «Հայդուկ» հայրենասիրական ՀԿ-ն, «Հայկական լեգեոն հայրենասիրական միություն» ՀԿ-ն, «Տիգրան Մեծ» ՀԿ-ն: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԵԿՄ համագումարին որպես պատվիրակ մասնակցելու հրավեր ուղարկվել է նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին. Սպարապետ Վազգեն Սարգսյանը 1993թ. հուլիսին՝ ԵԿՄ հիմնադրման ժամանակ, թիվ մեկ անդամատոմսը հենց առաջին նախագահին է հանձնել: Ու, ավանդույթի համաձայն, պատվիրակների ցանկը կազմելիս նաեւ Տեր-Պետրոսյանի անունն է ընդգրկվում, նրան հրավեր ուղարկվում: Լեւոն Տեր-Պետրոսյանը, սակայն, այդպես էլ հարկ չէր համարել ներկա գտնվել այդ համագումարին:

 

 

 

ՔԱՈՍ ԵՎ ՌԵՎԱՆՇ
Մոտ մեկ տարի առաջ այս օրերին հեղափոխություն ծրագրած ակտիվիստները իշխանափոխության հասնելու արդյունավետ մեթոդ էին համարում երկրում անվերահսկելի քաոս ստեղծելը: Փորձը ցույց տվեց, որ ընտրված մեթոդն արդարացրեց իրեն: Այս օրերին՝ հեղափոխական կառավարության «ճտերն հաշվելու» սեզոնին ընդառաջ, մենք գործ ունենք հրահրվող քաոտիկ իրավիճակի հետ, առայժմ միայն` տեղեկատվական տիրույթում: Անհնար է չնկատել այն հմուտ մանիպուլյատորի /մանիպուլյատոր՝ հավաքական իմաստով/ ձեռքը, որը փորձում է իշխանության որեւէ որոշման դեմ հանրային դժգոհությունն /երբեմն նաեւ արդարացի/ օգտագործել սպեկուլյատիվ նպատակներով՝ ամեն կերպ անվանարկելով իշխանությանը, ստիպելով հօգուտ նախկինների համեմատություններ անել ու զղջալ-փոշմանել հեղափոխություն անելու համար: Օրինակ` երբ Երեւանի քաղաքապետարանը ապամոնտաժում է օպերային հարակից սրճարանները, դրա դեմ բողոքների դժգոհությունը տեղեկատվական տիրույթում մեկնաբանվում է այսպես. իշխանության է եկել ոչ թե կառուցողների, այլ քանդողների «բրիգադը»: Երբ իշխանությունը որոշում է օպտիմալացնել կառավարությունը՝ կրճատելով նախարարությունների թիվը, իշխանությունը մեղադրվում է աշխատատեղեր ստեղծելու փոխարեն գործազրկությանը զարկ տալու համար: Օրենքի խախտմամբ օպերայի թատրոնի տնօրեն նշանակված Կ. Օրբելյանին տնօրենի պաշտոնից ազատելով` իշխանությունը մեղադրվում է «նախկիների բերած մարդկանց դեմ» հետապնդումներ իրականացնելու համար: Երբ «Սպայկա»-ի տնօրենն է կալանավորվում հարկերից խուսափելու համար հարուցված գործով, իշխանությունը մեղադրվում է գործարար աշխարհին «վատ մեսիջներ» հղելու, տնտեսությունը վնասելու համար: Երբ ԱԺ լսումների ժամանակ տրանսգենդեր է ելույթ ունենում, իշխանությունը մեղադրվում է այլասերվածության քարոզի եւ «Հայոց տունը» պղծելու համար: Այսքանով, սակայն, չեն սահմանափակվում իշխանության «անպիտանության» ու «նենգադավության» մասին քարոզչական թեզերը. չմոռանանք նաեւ «հողեր հանձելու» մասին մշտանորոգ մեղադրանքը: Այս հակաիշխանական տրամադրություններն անընդհատ հարստացնելն ու տեղեկատվական տիրույթում ֆիքսելն ու ամրապնդելը, պարզ է, որ նստվածք է թողնում հասարակության գիտակցության մեջ եւ սեփական ձեռքերով իշխանության բերածներին տապալելու միտք ներշնչում: Հենց սա էլ ռեւանշի ձգտող հայտնի ուժերի նպատակն է, եւ արդեն իսկ ուրվագծվում է այն ուժը, որը հավակնում է առ ոչինչ համարել հեղափոխությունն ու դառնալ բողոքականների կոնսոլիդացիայի օբյեկտը, հատկապես որ այն նման փորձ նախկինում արդեն իսկ ունեցել է:




Լրահոս