ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ՀՀ արդարադատության նախարարության, Քրեակատարողական ծառայության և ՀՀ շախմատի ֆեդերացիայի կողմից հունիսի 11-ին կազմակերպվել է դատապարտյալների վերասոցիալականացմանն ուղղված հերթական միջոցառումը՝ արագ շախմատի մրցաշար, որը մեծ ոգևորությամբ ընդունվեց դատապարտյալների շրջանում: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։
«Շախմատային մրցաշարի մրցավարն էր Յուրա Ղազարյանը: Ներկա էին նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը, ՀՀ ԱՆ հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Կարեն Հակոբյանը, ՀՀ ԱՆ ՔԿԾ պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Հայկ Քոչինյանը և հայ շախմատիստ, գրոսմայստեր, Հայաստանի քառակի չեմպիոն, շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը:
Մինչ մրցաշարի մեկնարկը, բացման խոսքով հանդես եկավ Տիգրան Խաչիկյանը, որը մաղթելով բոլորին արդյունավետ խաղ՝ մասնավորապես նշեց. «…Այս մրցաշարը լինելու է այն արդյունավետ օղակը, որը կտրելու է դատապարտյալին առօրյա հոգեբանությունից դեպի այս մրցույթ, դեպի մտքի խաղ… Սա վերասոցիալականացման գործիք է նաև, և տրամադրված ենք, որ նման միջոցառումները դարձնենք մշտապես կիրառելի՝ փոքրիշատե թեթևացնելու այն հոգևոր բեռը, որ ունեն այսօր դատապարտյալները»։
Շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը, հաղթանակ մաղթելով մասնակիցներին, ավելացրեց, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական բոլոր հիմնարկների 4 ուժեղագույնները հնարավորություն կունենան մասնակցելու շախմատային 8 հզոր երկրների քրեակատարողական հիմնարկների միջև օնլայն իրականացվող առաջնությանը:
Սպորտային միջոցառմանը մասնակցում էր 27 դատապարտյալ, որից 25-ը՝ ցմահ ազատազրկման դատապարտված: 2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար գրավեցին ցմահ ազատազրկման դատապարտված Սերգեյ Մովսիսյանը և Արթուր Կոստանյանը, իսկ պատվավոր 1-ին հորիզոնականը զբաղեցրեց Արման Մնացականյանը: Հաղթողներն արժանացան պատվոգրերի:
Մրցաշարի ավարտին կազմակերպիչները շնորհավորեցին բոլոր մասնակիցներին` շեշտելով նմանատիպ միջոցառումների կարևորությունը ազատազրկված անձանց ժամանցի, արդյունավետ առօրյայի կազմակերպման և հասարակության մեջ ինտեգրվելու տեսանկյունից»,- նշված է հաղորդագրության մեջ։