Ինչպես հայտնի է, դեռեւս այս տարվա մարտի 6-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը քաղաքական ուժերին հրավիրել էր քննարկումների: Մասնավորապես, նա հենց խորհրդարանի ամբիոնից քաղաքական ուժերին հրավիրեց միասնական ջանքերով ընտրական բարեփոխումներ անելու:
«Ընտրական ինստիտուտները եւս ունեն կատարելագործման կարիք, եւ ես ուզում եմ օգտվել առիթից եւ քաղաքական ուժերին հրավիրեմ ընտրական բարեփոխումների մշակման փուլ սկսելու միասնական ջանքերով: Եվ ուզում եմ միանգամից հայտարարել, որ մենք չունենք այդ թվում եւ սահմանադրական սահմանափակումներ եւ խոչընդոտներ, այսինքն` գործող ունենք, բայց երբ մենք միասին պայմանավորվենք, կարող ենք նաեւ ավելի արմատական փոփոխություններ մշակել եւ իրականացնել», – նշեց Միրզոյանը։
Նշենք, որ նախորդ խորհրդարանում Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի ընդունումը երկու անգամ տապալվեց` մեծամասամբ հանրապետականների ջանքերով:
Եվ, ահա, Արարատ Միրզոյանի հայտարարությունից երեք ամիս է անցել, սակայն այս ընթացքում անգամ չի ձեւավորվել պաշտոնական աշխատանքային խումբ, որը պետք է զբաղվի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների աշխատանքներով: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս ընթացքում, ամեն դեպքում, աշխատանքային քննարկումներ եղել են: Մենք տեղեկացանք, որ մեկ անգամ խորհրդարանում նախնական քննարկում է եղել, որին մասնակցել են բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները, սակայն պաշտոնական աշխատանքային խումբ առկա չէ: Սակայն, ըստ երեւույթին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից պաշտոնական խմբում կներգրավվեն պետաիրավական հանձնաժողովի անդամները, որոնք եւս այս ընթացքում ակտիվ են եղել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս հանգստյան օրերին եւս մեկ քննարկում է եղել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների թեմայով, սակայն ոչ խորհրդարանում եւ ոչ խորհրդարանականների նախաձեռնությամբ: Հանգստյան օրերին տեղի ունեցած քննարկումները կազմակերպած է եղել Ընտրական համակարգերի միջազգային հաստատությունը: Սակայն մենք տեղեկացանք, որ երկու օր տեւած քննարկումներին մասնակցել են միայն իշխող ուժի պատգամավորները եւ Կարեն Սիմոնյանը` «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից, իսկ ԲՀԿ-ից որեւէ ներկայացուցիչ չի եղել հանդիպմանը. թերեւս նրանք զբաղված են եղել Աբովյանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններով: Բացի պետաիրավական հանձնաժողովի անդամներից ընտրական օրենսգրքի բարեփոխումների հարցում ակտիվ են նաեւ իշխող խմբակցության պատգամավորներ Համազասպ Դանիելյանը եւ Հերիքնազ Տիգրանյանը: Վերջինս նույնպես մասնակցել է հանգստյան օրերին կազմակերպված քննարկումներին:
Հերիքնազ Տիգրանյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ նման հանդիպում եւ քննարկում եղել է, եւ հաստատեց մեր տեղեկություններն այն մասին, որ ԲՀԿ խմբակցությունից որեւէ ներկայացուցիչ չի եղել հանդիպմանը: «Քննարկումը կազմակերպված էր այն հարցի շուրջ, թե ինչպես ենք պատկերացնում ընտրական համակարգը` սկսած նախընտրական պրոցեսից: Ցավոք սրտի, այդ հրավերին միայն մեր խմբակցությունն էր արձագանքել եւ ԱԺ նախագահի աշխատակազմը: Երկօրյա քննարկումների արդյունքում մեզ չեն միացել այլ պատգամավորներ: Եվ ստացվում է` ճանաչողական քննարկումներից իրենք դուրս են մնացել: Հույս ունեմ, որ պաշտոնական քննարկումների ժամանակ իրենք ակտիվ մասնակցություն կունենան», – նշեց նա:
Դիտարկմանը` որն է պատճառը, որ պաշտոնական աշխատանքային խմբի ստեղծման հարցերը դանդաղում են, Տիգրանյանը դժվարացավ պատասխանել` մեկնաբանելով դրանք որպես կազմակերպական հարցեր: «Շտապելու հարց եւս չունենք, չեմ կարող ասել` դանդաղում ենք: Մենք հանգիստ ռեժիմի մեջ ենք, որովհետեւ այսպես եթե նայենք, ապա համապետական ընտրություններին դեռ շատ ժամանակ կա, առջեւում մենք ունենք երկու խոշոր համայնքներում ընտրություններ, բայց ելնելով ընտրությունների եւ հանրաքվեների լավագույն փորձից, որը մատնանված է Վենետիկի հանձնաժողովի փաստաթղթերում, գոնե պետք է մեկ տարի առաջ այդ փոփոխություններն արված լինեն: Ես կարծում եմ, որ, ըստ էության, կհասցնենք անել փոփոխությունները, քանի որ նախորդ տարի արդեն վարչապետի որոշմամբ ստեղծված ընտրական բարեփոխումների հանձնախումբն արդեն իսկ մի պատրաստի նախագիծ ունեն, եւ եթե կողմերը համաձայնեն այս նախագիծն ընդունել որպես սկզբնակետ, եւ այստեղից կարող ենք հոդված առ հոդված Ընտրական օրենսգիրքը փոփոխելով գնանք», – նշեց նա` հավելելով, որ, ամեն դեպքում, քննարկումները բավականին թեժ կանցնեն:
Նրա խոսքով` քննարկումներն, ըստ էության, կարող են ծավալվել համամասնականի տարատեսակների շուրջ` ունենալ բաց ցուցակներ, թե փակ. «Համապետական ընտրություններից առաջ մենք կունենանք նոր Ընտրական օրենսգիրք, որովհետեւ դա եղել է «Իմ քայլ»-ի նախընտրական ծրագրում»:
Իսկ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը, որը մասնակցել է հանգստյան օրը կայացած քննարկումներին, «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե դրանք աշխատանքային քննարկումներ են, ապա հավելեց. «Ընտրական օրենսգրքի փոփոխությունը երկարատեւ գործընթաց է, դրա համար ավելի լավ է այս պահին սկսենք աշխատանքները, որ չբախվենք ժամանակային սահմանափակումների»:
Նաիրա Հովհաննիսյան