Հարկային օրենսգրքի շուրջ քննարկումները չեն դադարում. փոփոխություններ կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության կողմից ներկայացված Հարկային օրենսգրքի շուրջ ակտիվ քննարկումները չեն դադարում: Չնայած հունիսի 7-ին տեղի ունեցած արտահերթ նիստի ժամանակ Հարկային օրենսգրքի փաթեթն ընդունվել էր առաջին ընթերցմամբ, եւ երկրորդ ընթերցումը պետք է կայանա արդեն հունիսի 18-ին մեկնարկող ԱԺ լիագումար նիստում, սակայն մինչ այդ դեռեւս քննարկումներ են ընթանում:

Մասնավորապես, երեկ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը, որը համարվում է այս օրենսգրքի հարցով գլխադասային հանձնաժողով, քննարկում է ունեցել պատգամավորների, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալների, ՀՀ ԿԲ-ի ներկայացուցիչների, տնտեսության բնագավառի գիտնականների եւ փորձագետների մասնակցությամբ, եւ հիմնական հարցը վերաբերել է եկամտահարկի համահարթեցմանը:

Ինչպես հայտնի է, Ընտրական օրենսգրքի ընդունվելու դեպքում եկամտային հարկը կդառնա 20 տոկոս՝ նախկին 23, 28 եւ 36 տոկոսի փոխարեն: Մասնագետները հակասական գնահատականներ են տալիս այս որոշմանը, եւ երեկվա քննարկումները կրկին ընդհանուր տեսակետը հասկանալու միտում ունեին:

Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշեց, թե քննարկումներին հրավիրվել են հենց այն մասնագետները, որոնք հիմնականում դեմ են արտահայտվել եկամտահարկի համահարթեցմանը, եւ քննարկումների նպատակը եղել է կրկին փորձել հասկանալ լավ ու վատ կողմերը: Ինչպես հայտնի է, առաջինից երկրորդ ընթերցում բազմաթիվ փոփոխություններ են կատարվելու, եւ երեկվա քննարկումներից հետո այլ փոփոխություններ եւս կարող են լինել: Մինչ լիագումար նիստում ընդգրկվելը մեկ անգամ եւս տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հունիսի 14-ին կներկայացվի նախագծի լրամշակված տարբերակը:

Երեկ կազմակերպված քննարկումները բավականին թեժ էին, եւ ներկաներն ամեն կերպ փորձում էին փոխնախարարներին ապացուցել, որ եկամտահարկի համահարթեցումն այնքան էլ արդյունավետ չի լինելու: Օրինակ` «Քաղաքական դիսկուրս» հանդեսի համախմբագիր Վահրամ Սողոմոնյանը կարծիք էր հայտնել, թե եկամտահարկի համահարթեցումն հակասահմանադրական է, քանի որ բարձր աշխատավարձը քիչ է հարկվում, իսկ 150 հազար դրամ աշխատավարձ ստացողներինը՝ շատ: Քննարկումներին հրավիրված է եղել նաեւ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը, որը առաջարկեց ներդնել եկամտահարկի հայտարարագրման համակարգ, եւ այս տեսակետին կողմ է արտահայտվել նաեւ փորձագետ Հովհաննես Ավետիսյանը, որն առաջարկել է 20-21 տոկոս հարկման շեմ սահմանել մինչեւ 500 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար:

Ինչպես հայտնի է, այժմ Հայաստանում հատեւյալ սկզբունքն է գործում. ով ավելի շատ աշխատավարձ է ստանում, նա ավելի շատ հարկ է վճարում։ Հարկային սանդղակում երեք կետ կա (23%, 28% ու 36%), ընդ որում` 36%–ը սահմանված է ավելի քան երկու միլիոն դրամ աշխատավարձ ստացողների համար։ Պաշտոնապես հանրապետությունում մի քանի հարյուր մարդ է այդքան բարձր վարձատրվում (600 հազար վարձու աշխատողներից)։ Հարկային սանդղակը կարող էր ավելի բազմաշերտ լինել` կախված աշխատավարձերից։ Բայց փոխարենն ուզում են դրանից ընդհանրապես հրաժարվել, եւ բոլորը հարկվեն նույնկերպ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, ընդհանուր առմամբ, կառավարության անդամները գոհ են եղել քննարկումներից, եւ հնարավոր է հասցնեն փոփոխություններ անել մինչեւ այն կրկին ներկայացնելը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, ամեն դեպքում, իշխանությունների ներսում քննարկումներ են եղել, որպեսզի այնպես անեն, որ ռեֆորմները շատ ցավոտ չընդունվեն քաղաքացիների կողմից, եւ աստիճանաբար գնան կոշտ լուծումների: Եվ հենց դա է պատճառը, որ ի սկզբանե հայտարարված փոփոխություններից ոչ բոլորը տեղ գտան նախագծում:

Մասնավորապես, նախապես նպատակ է եղել էականորեն բարձրացնել գրավատների եւ փոխանակման կետերի գործունեության համար պետական տուրքերի դրույքաչափերը՝ սահմանելով դրանք համապատասխանաբար 6 եւ 3 միլիոն դրամ, սակայն կրկին քննարկումների արդյունքում փոխհամաձայնություն է կայացվել, ըստ որի՝ նախատեսված դրույքաչափերը որոշակիորեն կնվազեցվեն: Այդ դրույքաչափերի բարձրացումն ամենաաղմկահարույց որոշումներից է եղել, որը նաեւ բազմաթիվ բողոքի ակցիաների պատճառ էր դարձել, եւ այս փուլում իշխանությունները որոշել են այդպես կտրուկ քայլի չդիմել, սակայն չի բացառվում, որ հետագայում դրույքաչափը կրկին կբարձրացվի:
Հավելենք, որ փաթեթի ընդունման դեպքում փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2020 թվականից:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս