Հարց քաղաքացիներից` էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրմամբ վտանգվո՞ւմ է անձնական տվյալների գաղտնիության պաշտպանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրմամբ վտանգվո՞ւմ է անձնական տվյալների գաղտնիության պաշտպանությունը: Արդյոք ազգային անվտանգության տեսանկյունից կա՞ երաշխիք` բազայի պաշտպանվածության հետ կապված:

(Նիկոլայ Կիրակոսյան, 39 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Անձի անհատական տվյալների գաղտնիությունը երաշխավորվում է ՀՀ օրենսդրությամբ: Էլեկտրոնային առողջապահության համակարգը նախքան անձի անհատական դաշտ մուտք գործել թույլատրելը օգտատերերին նախազգուշացման եղանակով ուղղում է հարցում եւ պահանջում լրացուցիչ հաստատում կոնկրետ անձի անհատական դաշտ մուտք գործելու ցանկության մասին: Անձի անհատական դաշտ մուտք գործելու փաստն արձանագրվում է համակարգում, եւ օգտատերերը կրում են անձնական պատասխանատվություն ստացված տեղեկության գաղտնիության պահպանման առումով: Անձի անհատական տվյալները մշակելու համար անհրաժեշտ է անձի համաձայնությունը, ինչը ձեռք է բերվում քաղաքացու ստորագրությամբ տրված հատուկ բանալի գաղտնաբառով: Համակարգի նախագծման եւ մշակման գործընթացում մասնակցել են թե՛ ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչները եւ մասնագետները, թե՛ Համաշխարհային բանկի էլեկտրոնային առողջապահական ոլորտի փորձագետները: Օգտատերերի մուտքը համակարգ կատարվում է միմիայն խիստ նույնականացման մեխանիզմներ օգտագործելով:

ՀՀ առողջապահության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսինքն` առողջապահության համակարգի ներդրումը կարող է է՛լ ավելի խոցելի դարձնել մարդու անձնական տվյալների գաղտնիության իրավունքի պահպանումը: Քաղաքացիների մեծ մասը վստահություն չունի, որ ներդրվող համակարգը հուսալի կգործի եւ իր տվյալները հասանելի չի դարձնի երրորդ անձին: Եւ չնայած սրան` Առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ էլեկտրոնային համակարգի ներդրմամբ քաղաքացիների անձնական տվյալների գաղտնիության պահպանումը կհեշտանա: Հուսանք` չեն սխալվի:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:  




Լրահոս