ՀԱՐՑ. Խաչակնքելիս ձեռքը սկզբում աջ, հետո ձա՞խ պետք է տանել, թե՞ հակառակը: Ինչպե՞ս ճիշտ խաչակնքվել:
(Արմինե Սարգսյան, 27 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Խաչակնքելիս հայերը սկզբում ձեռքը տանում են ձախ, հետո` աջ, իսկ ռուսներն ու հույները` հակառակը: Երբ հայերը խաչակնքում են, աղոթում են եւ ձեռքի համարժեք շարժումներ կատարում. հանուն Հոր (աջ ձեռքը բարձրանում է դեպի ճակատ) եւ Որդվո (ձեռքն իջնում է կրծքավանդակ) եւ Հոգվույն (ձեռքը գնում է ձախ կողմ), Սրբո (ձեռքը գնում է աջ կողմ), ամեն (ձեռքը բաց ափը դնում են կրծքին): Ռուսերեն այդ աղոթքն ասվում է հետեւյալ կերպ. «Во имя Отца» (աջ ձեռքը բարձրանում է վերեւ) «и Сына» (ձեռքն իջնում է կրծքավանդակ) «и Святого» (ձեռքը գնում է աջ) «Духа» (ձեռքը գնում է ձախ), «Аминь»: Նկատելի է, որ «հոգի» բառն արտասանելիս հայերն ու ռուսները ձեռքը տանում են սրտի կողմը, որը համարվում է «հոգու բնակարան»: Այնպես որ, էական տարբերություն չկա, պարզապես յուրաքանչյուր եկեղեցում խաչակնքում են այնպես, ինչպես ընդունված է:
Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա Ղեւոնդյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե, հավատքը բոլորի համար առանձնահատուկ զգացողություն է, եւ ողջունելի է, որ մարդիկ մոտենում են Աստծուն, եկեղեցուն: Չէ՞ որ կար մի շրջան, երբ եկեղեցի գնալը, մոմ վառելը դարձել էր նորաձեւություն: Եթե նախկինում եկեղեցին միայն կարիքավորների մխիթարանքի վայր էր, հիմա նկատելի է, որ տարբեր են այցելուները, անկեղծ են ու սպասումներով լի:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: