«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` խորհրդարանում թեժ օրեր են սպասվում, քանի որ հայրենի կառավարությունը որոշել է արտահերթ նիստեր հրավիրել, որի ժամանակ էլ պահանջվում է պատգամավորներից անպայման ներկա գտնվել նիստերին: Երեկ խորհրդարանի պատգամավորները քննարկում էին այն հարցը, թե ինչ զբաղված են լինելու ու, ի վերջո, երբ կկարողանան արձակուրդ մեկնել:
Բանն այն է, որ երեկ կառավարությունը առաջարկեց արտահերթ նիստ հրավիրել հունիսի 28-ին` ժամը 11:00-ին: Ըստ կառավարության օրակարգի` նիստը կհրավիրվի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ու մի շարք այլ նախագծեր քննարկելու համար։
Մեր տեղեկությունների համաձայն` կառավարությունը նպատակ ունի նաեւ հուլիսին արտահերթ նիստ հրավիրել, որից հետո նոր պատգամավորներին կթույլատրեն արձակուրդ մեկնել: Իսկ արդեն հունիսի 18-ին կմեկնարկի Ազգային Ժողովի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկվելու է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը, ինչպես նաեւ իշխանությունների համար կարեւոր դարձած Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին փաթեթը: Վերջինս պետք է հուլիսի 1-ին ուժի մեջ մտնի, իսկ այս անգամ այն ներկայացնելու են երկրորդ եւ վերջնական ընթերցման:
Ի դեպ, արդեն խորհրդարանի իշխանական ներկայացուցիչներին հորդորել են անպայման ներկա գտնվել նիստերին ու քննարկումներին: Թե արդեն ինչ տեղի կունենա խորհրդարանի արտահերթ եւ հերթական նիստերին, ցույց կտա ժամանակը:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ