Իշխանությունները հասկացրել են ԲԴԽ անդամներին. հրաժարականների հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչո՞ւ են Բարձագույն դատական խորհրդի անդամները մեկը մյուսի հետեւից հրաժարականներ ներկայացնում: Ի՞նչ կապ ունեն Բարձրագույն դատական խորհրդի անդամների հրաժարականները մայիսի 20-ին ՀՀ վարչապետի հայտարարության հետ:

Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետը հայտարարեց, որ եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը: Այդ գործընթացը պետք է արտահայտվի հետեւյալում.

1. Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, vetting-ի, այսինքն` հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին:

2. Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումներով հաստատված քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից:

3. Բոլոր այն դատավորները, որոնք իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ եւ օբյեկտիվ դատավորներ, պետք է հրաժարական տան` այդպիսով կարեւոր ծառայություն մատուցելով Հայաստանի Հանրապետությանն ու նրա ժողովրդին:

4. Հիմա արդեն անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության համար, եւ մենք պետք է մեկ-երկու ամսվա ընթացքում ամփոփենք վերջին յոթ-ութ ամիսներին այս ուղղությամբ մեր կատարած աշխատանքը:

Վարչապետի այս հայտարությունից հետո առաջին հրաժարականի շարքը սկսվեց Բարձրագույն դատական խորհրդից: Մասնավորապես, մայիսի 24-ին հրաժարական տվեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, ապա հունիսի 7-ին` ԲԴԽ անդամ Գեւորգ Դանիելյանը, հունիսի 13-ին հրաժարական տվեց Սնանկության դատարանի դատավոր, ԲԴԽ անդամ Արմեն Խաչատրյանը, իսկ, ահա, երեկ իր հրաժարականի մասին հայտարարեցին բարձրագույն դատական խորհրդի անդամ Սերգեյ Մեղրյանը, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, ԲԴԽ անդամ Արմեն Բեկթաշյանը: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություների համաձայն, Բարձարգույն դատական խորհրդի գրեթե բոլոր անդամները հրաժարականեր են ներկայացնելու:

Մեզ հասած լուրերի համաձայն` իշխանությունները ԲԴԽ անդամներին հասկացրել են, որ վարչապետի մատնանշած դատավորների vetting-ը հնարավոր է հենց Բարձրագույն դատական խորհուրդը իրականացնի, եթե քննարկումների ընթացքում չորոշվի այլ հանձնաժողով ստեղծել: Դրա համար էլ պետք է բոլորը հրաժարական տան, գնան եւ առավել ընկալելի մարդիկ ներգրավվեն ԲԴԽ-ում, որպեսզի vetting անեն դատավորներին:

Տեղեկություններ կան, որ դատավորներից ոմանք տեսակետ են հայտնել, թե ԲԴԽ նոր կազմը բավարար պրոֆեսիոնալ է արդյոք, որ իրենց վեթթինգի ենթարկի, սակայն նրանց բացատրել են, որ օրենքով այլ եղանակ չկա, եւ վեթթինգն անխուսափելի է: Եթե ԲԴԽ-ն չանի վեթթինգի գործընթացը, ՀՀ Սահմանադրությունը պետք է փոխվի: Բայց եթե ԲԴԽ անդամները նոր կազմով հավաքվեն եւ լինեն պրոֆեսիոնալ իրավաբաններ, այդ ճանապարհով կկարողանան իրականացնել դատավորներին վեթթինգի ենթարկելու գործընթացը:

Հիշեցնենք, որ ԲԴԽ անդամները 10-ն են, որից արդեն 5-ը հրաժարական են տվել: Մնացել են 5 հոգի, որ հրաժարականի դիմում տան:

Քնար Մանուկյան




Լրահոս