Ամուսինս նախատում է ինձ շտապողականության համար. Ելենա Վարդանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի արտիստուհի, «Կարգին սերիալ», «Երե1», «Ստոպ», «Դոմինո» եւ այլ հումորային հաղորդումներից հայտնի դերասանուհի Ելենա Վարդանյանը: Նա անդրադարձել է իր բնավորության` քչերին հայտնի գծերին, նախասիրություններին ու հետաքրքրություններին: Ելենան խոստովանել է, որ պատրաստ է հրաժարվել ամեն ինչից` հանուն ընտանիքի:

Նա նշել է, որ ամուսնությունից հետո ավելի պատասխանատու է դարձել: Դերասանուհին ունի որդի, բայց դուստր ունենալու երազանքն էլ չի մոռացել: Ասում է` եթե Աստված կամենա, այն եւս իրականություն կդառնա:

-Ելենա՛, կա՞ մի կարգախոս, լոզունգ, որով ամբողջ կյանքում առաջնորդվել եք:

-Այո, իհարկե, այն է` «Կյանքը հրաշալի է…»: Ուրիշ ի՞նչ լոզունգ կարող էր լինել (ժպտում է):

-Շարունակե՛ք միտքը. «Կյանքը կարճ է, բայց…»

-Սիրուն է ու հետաքրքիր:

-Միշտ Ձեր կողքին ունեցել եք մարդիկ, որոնք…

-Մտերիմ են եղել ինձ հոտ, սիրել են ինձ, ես էլ` իրենց:

-Ո՞վ է Ձեր լավագույն խորհրդատուն, եթե այդպիսի մեկը կա, իհարկե:

-Ծնողներս են միանշանակ:

-Պատրաստ եք հրաժարվել շատ բաներից հանուն…

-Ընտանիքի:

-Ի՞նչ եք կարծում, մեր երկրի առաջընթացն ինչի՞ հետ է կապված:

-Այն կախված է ամեն մեկիցս: Եթե յուրաքանչյուրը լավ անի իր գործը, ճիշտ ապրի, կունենա առաջընթաց:

-Ո՞րն է Ձեր սիրելի միրգը:

-Բոլորը, թեպետ ավելի շատ հատապտուղներ եմ սիրում:

-Թաքնված տաղանդ ունե՞ք, մի շնորհ, որի մասին քչերը գիտեն:

-Այո, հրաշալի պատրաստում եմ խոհանոցում: Եթե ցանկանայի, կարող էի խոհարար դառնալ:

Միշտ ձգտում եք շփվել մարդկանց հետ, որոնք…

-Ունեն բարձր ինտելեկտ, բազմակողմանի զարգացած են:

-Ձեր բնավորության ո՞ր գիծն է Ձեր ամուսինը գովում, եւ հակառակը` որի՞ց է դժգոհում:

-Նա հիանում է իմ իմաստությամբ եւ նախատում է ինձ շտապողականության համար:

-Բացի Երեւանից ո՞ր քաղաքում կցանկանայիք ապրել:

-Երեւանն իմ կյանքի եզակի քաղաքն է, միակ վայրը, որտեղ ցանականում եմ ապրել ամբողջ կյանքում: Գիտե՞ք, շատ տեղերում եմ ապրել, բայց միայն Երեւանն է ինձ հոգեհարազատ: Չեմ պատկերացնում ինձ որեւէ այլ քաղաքում: Սա ամենաբարի ու ամենահարմարավետ քաղաքն է:

-Ո՞րն է Ձեզ համար ամենահարազատ բույրը:

-Հենց Երեւանի բույրը, հատկապես` անձրեւից հետո:

-Հետաքրքիր է` հիասթափության պարագայում լուռ հեռանում եք, թե տեսարաններ եք սարքում:

-Ամեն բան կախված է իրավիճակից: Առհասարակ, ես հավասարակշռված անձնավորություն եմ, ասել, թե բռնկուն եմ, սուտ կլինի, բայց եթե փորձեն ինձ հունից հանել, իմ կողմից շատ դաժան պատասխան կստանան:

-Ամուսնությունից հետո ի՞նչ նոր որակներ ձեռք բերեցիք:

-Ավելի պատասխանատու եմ դարձել: Կյանքս փոխվել է դեպի լավը:

-Դուք ունեք որդի. հիշում եմ, որ ժամանակին երազում էիք դուստր ունենալու մասին: Այդ երազանքը էլի փայփայու՞մ եք:

-Այո, իհարկե, տա Աստված, էլի երեխա ունենամ:

-Ո՞րն է այն վեպը, որին պարբերաբար անդրադառնում եք, որը վերադարձնում է Ձեզ իր մոտ:

-Բուլգակովի «Վարպետը եւ Մարգարիտան»:

-Ի՞նչ ազդեցություն է ունեցել Ձեր անունը Ձեր ճակատագրի վրա, երբեւէ ցանկացե՞լ եք այն փոխել:

-Ոչ, ես շատ եմ սիրում անունս: Որքանով տեղյակ եմ, այն նշանակում է լուսավոր: Անունս միայն դրական ազդեցություն է ունեցել կյանքիս վրա:

-Ընկերներ շա՞տ ունեք:

-Ոչ, քիչ են, բայց արժեքավոր:

-Տարիքի հետ հասկանում եք, որ…

-Պետք է քիչ փնտրտուքների մեջ ընկնել, հարկավոր է վայելել կյանքի ամեն մի վայրկյանը, անել այնպես, որ հարազատներդ իրենց լավ զգան, այլապես դու չգիտես, թե վաղը ինչ կլինի: Պետք է ապրել այնպես, որ հետո չզղջաս:

-Մարզվելու համար ժամանակ ունե՞ք, ֆիզիկապես ակտի՞վ եք:

-Ոչ, բայց թատրոնը պահանջում է որոշակի ֆիզիկական պատրաստվածություն, այնպես որ, փորձերի ժամանակ եմ ակտիվ լինում:

-Կինը երբեք չպետք է մոռանա, որ…

-Որ ինքը կին է, որ աշխարհ է եկել սիրելու եւ սիրվելու համար: Նա պետք է մի քիչ ավելի սիրի, շատ ժամանակ տրամադրի ինքն իրեն:

-Իսկ կենցա՞ղը, օրինակ` Դուք ինչպե՞ս եք գլուխ հանում:

-Ես կենցաղում եմ այնքան, որքան ընտանիք ունեցող միջին վիճակագրական կինը…

-Գերի չեք դառնում…

-Ոչ, ես ոչ մի բանի գերի չեմ դառնում:

Աննա Բաբաջանյան




Լրահոս