Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա
Բատաինի–Դրագոնիի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և Եվրոպայի խորհրդի միջև սերտ համագործակցությունը տարբեր ուղղություններով, այդ թվում՝ ժողովրդավարության զարգացման Հայաստանի օրակարգն առաջ մղելու գործում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ օրակարգում ներկայումս առաջնային նշանակություն ունեն դատաիրավական ոլորտում բարեփոխումները: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ԵԽ-ին՝ դրանք կյանքի կոչելու գործում օժանդակություն ցուցաբերելու գործնական քայլերի, այդ թվում՝ ԵԽ բարձրաստիճան առաքելության անդամների Հայաստան այցելելու համար:
Գաբրիելա Բատաինի–Դրագոնին վարչապետին է փոխանցել ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի ջերմ ողջույններն ու պատրաստակամությունը՝ աջակցելու դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացմանը:
ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալն անդրադարձել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թ.
Գործողությունների ծրագրին, որի պաշտոնական մեկնարկի արարողությունը կայացել է այսօր: Գաբրիելա
Բատաինի–Դրագոնին վարչապետին է ներկայացրել ծրագրի ուղղությունները՝ նշելով, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստակամ է սերտ համագործակցության տարբեր ուղղություններով Հայաստանի իշխանությունների նախաձեռնած բարեփոխումները կյանքի կոչելու գործում:
Վարչապետն ընդգծել է, որ բարեփոխումների վերջնական նպատակը քաղաքացիների վստահության ձևավորումն ու ամրապնդումն է դատական համակարգի նկատմամբ: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ կառավարության նպատակն է տարբեր ոլորտներում իրական փոփոխությունների հասնելը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի ընտրական համակարգի
բարեփոխումներին, այդ ուղղությամբ նախատեսվող քայլերին և ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի այլ հարցերի: