ՏՐԱԿՏՈՐ Է ՊԵՏՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» թերթի հռետորական եւ ազնիվ հարցադրումը, թե 2009-2010 թվականներին գյուղնախարարությունը 480 միլիոն դոլարի (իրենց իսկ տվյալով)  ինչ կարգի խորհրդատվություն է արել, որ արդյունքում արձանագրվել է ոլորտի 14 տոկոս անկում, զայրացրել է ոլորտի պատասխանատուներին, որոնք մեր թերթին են ուղարկել հետեւյալ   հանգամանալից պատասխանը: «Միջազգային փորձը ցույց է տալիս, որ աշխարհի գրեթե բոլոր երկրներում գյուղատնտեսության ոլորտի զարգացման կարեւոր գործոններից մեկը մասնագիտական խորհրդատվությունն է»,-ասված է նամակի սկզբում:Ինչ խոսք, աքսիոմատիկ ճշմարտություն է, միայն մեկ բայց… Բայց չէ՞ որ Հայաստանում հողի վայրի սեփականաշնորհում եղավ, եւ մեկ օրում հողի սեփականատեր դարձավ 340 հազար տնտեսություն`  առանց մեխանիզացիայի, վարկային ու ապահովագրական ոլորտի, առանց նախասկզբնական կապիտալի: Եվ այդ ամենը  չձեւավորված, վայրի շուկայական հարաբերությունների պայմաններում: Դժվար է ընկալել, թե ինչ խորհուրդ կարելի է տալ մարդկանց, որոնք վարկի տակ են, սերմացու,  պարարտանյութ ու բուժանյութ գնելու փող չունեն: Ի՞նչ խելք ու խրատ կարելի է տալ, եթե մեխանիզացիայի եւ ոռոգման ջրի գները աղետալիորեն բարձր են, եւ մարդը գերադասում է  հողն ուղղակի չմշակել: Կամ` լա~վ էլ մշակել է իր ջերմոցն ու էլ ավելի լավ բերք ստացել, բայց բերքը շուկա հանելու օրերին Իրանից ու Թուրքիայից պոմիդոր են լցրել շուկա, ուստի ստիպված իր բերքը ջրի գնով է վաճառել` մի կերպ ծախսած գազի վարձը փակելով: Բացի այդ, թանկ գազով լոլիկ աճեցնողի համար մեկ չէ՞` ձեր խորհուրդը լսի եւ կաթիլային մեթոդով ջրի՞, թե՞ սովորական: Ոնց էլ հաշվարկի, վնասով է դուրս գալու:Այսպիսի պայմաններում տնտեսություն վարող գյուղացիության համար խորհրդատվությունը չի դառնալու «կապող օղակ ագրարային գիտության եւ մթերք արտադրողների միջեւ», ինչպես փաստարկված է մեզ ուղարկված պատասխանի մեջ, այլ ընդամենը վերածվելու է ավելորդ շռայլության: Մեր երկրի գյուղատնտեսության համար  փրկօղակ չէր դառնալու «916 համայնքներում 44 հազար մարդու համար արված 2240 սեմինարը, 104 հեռուստահաղորդումն ու 3400 օրինակ գրքույկը» կամ էլ բրյուսելյան եւ չինական կաղամբի «ցուցադրական ցանքսերը»: Եվ ամենեւին չի մխիթարում այն միտքը, որ  480 միլիոն դոլարի ընդամենը 10 տոկոսն է պետական մասնաբաժինը, իսկ մնացյալը տրամադրել է  ԱՄՆ գյուղդեպարտամենտը: Այժմ ամենազարմանալին. «Համեմատության համար նշենք, որ անցյալ դարի 80-ական թթ գյուղատնտեսության եւ անտառարդյունաբերության ոլորտում 100 մարդուն բաժին էր ընկնում բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթությամբ  5 մասնագետ: Այսօր 10. 000 մարդուն բաժին է ընկնում 3,2 խորհրդատու»:Պատասխանենք հենց նամակի բառերով` եթե «ցածր է խորհրդատվության որակը, թույլ է համագործակցությունը», ի՞նչ տարբերություն` 3,2, թե՞ 32 խորհրդատու կլինի:Այնուամենայնիվ, ըստ  պարզաբանում-նամակի` խորհրդատվական գումարներով շատ օգտակար գործեր են արվել` «ստեղծվել են սպառողական կոոպերատիվներ, ֆերմերային, դաշտային դպրոցներ, պատանեկան ակումբներ»: Միայն թե անհասկանալի է, եթե տվյալ համայնքը մեխանիզացիայի կարիք ունի, պատանեկան ակումբը կարո՞ղ է լուրջ «խորհրդատվություն» համարվել:Հավատում ենք գյուղնախարարության հաշվետվությանը, սակայն  մեր հարցը վերաբերում է առաջնահերթություններին եւ առկա միջոցները հենց դրանց վրա ծախսելուն: Թե չէ` դատարկ տեղում խրատն ի՞նչ կանի: Գյուղատնտեսության ոլորտը, լուրջ մասնագետների կարծիքով, համակարգված եւ փոխկապակցված պետք է լինի` հող, մեխանիզացիա, պարարտանյութ, շուկա, խորհուրդ: Մինչդեռ մեզանում կապող մեխանիզմները, մեղմ ասած, անկատար են, ուստի խորհրդատվության վրա ծախսած միլիոնները լավագույն դեպքում կարելի է համարել անիմաստ ծախս:ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ




Լրահոս