Քիչ առաջ ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը մամլո հաղորդագրություն է տարածել 2016 թվականին Սյունիքի նախկին մարզպետի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի բացահայտման վերաբերյալ։ Հետաքրքիր է, որ Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության մեջ մարզպետի անունն առկա չէ, սակայն օրինակ armenpress լրատվական գործակալությունը նշել էր, թե խոսքն ամեն դեպքում Սուրիկ Խաչատրյանի մասին է: Բանն այն է, որ 2016 թվականին Սյունիքը երկու մարզպետ է ունեցել:
Բացի դրանից, արդեն Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի նախկին մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանը հաղորդագրություն է տարածել` ասելով, թե Վահե Հակոբյանը չունի որևէ առնչություն նշված իրադարձությունների հետ։ «Շփոթմունքն առաջացել է այն բանի հետևանքով, որ ԱԱԾ մամուլի կենտրոնը հաշվի չի առել այն հանգամանքը, որ 2016 թվականի ընթացքում Սյունիքն ունեցել է երկու մարզպետ. Սուրեն Խաչատրյան և Վահե Հակոբյան։ Ինձ համար անհասկանալի պատճառներով հաղորդագրությունը կազմողները չեն նշել նախկին մարզպետի անուն ազգանունը, ինչը դարձել է նման անդուր շփոթմունքի պատճառ», – նշել է նա: