«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը դերսանուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ Լուիզա Ղամբարյանն է: Նա խոսել է իր բնավորության գծերի, նախասիրությունների մասին, հանդես է եկել ինքնատիպ խոստովանություններով: Լուիզան անդրադարձել է նաեւ իր անվան շուրջ պտտվող ամենազվարճալի բամբասանքին: Դերասանուհին նշել է, թե որն է եղել իր կյանքի ամենաբարդ շրջանը, եւ ինչ է ինքը սովորաբար անում այն պահերին, երբ թվում է` ելք չկա:
-Լուիզա՛, երբ փոքր էիք, Ձեզ թվում էր, որ…
-Ուսուցիչները սովորական մարդկանց կյանքով չեն ապրում:
-Ձեր մանկության գույնը ո՞րն է:
-Սպիտակը: Ես այն ասոցացնում եմ մաքրության հետ, ինչպես նաեւ դեղինը:
-Ձեզ համար միշտ դժվար է եղել ապացուցել, որ…
-Ոչինչ էլ դժվար չի եղել ապացուցել:
-Կուռքեր ունե՞ք կամ ունեցե՞լ եք:
-Ոչ, անգամ դեռահասության տարիքում, երբ բոլորը, օրինակ, Մայքլ Ջեքսոնին էին երկրպագում, ես էլի կուռքեր չունեի:
-Ձեզ սովորաբար չեն ներում այն բանի համար, որ…
-Որ ժամանակ չեմ ունենում…
-Ձեզ հետ գնումներ կատարելը հե՞շտ է, թե՞ դա իսկական արարողության է վերածվում:
-Ոչ միայն հեշտ է, այլեւ շահեկան, քանի որ սիրում եմ սակարկելու գործընթացը, հատկապես արտերկրում: Հայաստանում մենք մի փոքր բարդույթավորվում ենք այդ պահերին:
-Դժվարությամբ եք հասկանում այն մարդկանց, որոնք…
-Կարծում են, թե իրենք ամեն ինչ գիտեն:
-Ձեր կյանքի ճգնաժամային փուլը ինչի՞ հետ եք կապում:
-Հորս կորստի:
-Ի՞նչ եք անում, երբ թվում է, թե ամեն ինչ անհետ կորած է…
-Ձեռքս եմ վերցնում Աստվածաշունչը: Իհարկե, այն օգնում է ինձ, «Նարեկ»-ն էլ է օգնում: Դրանք իմ միակ, շտապ եւ անփոխարինելի օգնություններն են:
-Եթե հանգստանալ, ապա ի՞նչ ֆորմատով:
-Բոլոր ժամանակներում եւ հոգեվիճակներում հանգստի լավագույն տարբերակը ծովափնյա հանգիստն է ընտանիքիս հետ:
-Կա՞ մի աֆորիզմ, ասացվածք, որը Ձեզ տպավորել է, հուզել:
-Այո, այս պահին, չգիտես ինչու, հիշեցի «Կոմս Մոնտե Քրիստո»-ից Էդմոն Դանտեսի խոսքերը` «Սպասել եւ հուսալ»: Կարճ, ամփոփ, բայց խորիմաստ խոսքեր:
-Գրական ամենահոգեհարազատ կերպարը:
-Զարմանալի կթվա, բայց Շառլ Ազնավուրի անունը պետք է տամ: Նրա կերպարը, վերջին շրջանում հատկապես, ինձ առանձնապես գրավել է: Ի վերջո, եթե հաշվի առնենք, որ նա հեղինակել է «Ազնավուրը Ազնավուրի մասին» գիրքը, կարող ենք համարել, որ նա` շանսոնյեն, գրական կերպար է:
-Վախենում եք, որ…
-Տգիտությունը հսկայական ծավալներ կստանա եւ առավել ընդգրկուն կդառնա:
-Ափսոսում եք, որ…
-Տարիներն անցնում են, եւ մայրս ծերանում է:
-Սիրո հարցում ինչպիսի՞ն եք:
-Միանշանակ, հաջողակ եմ:
-Ձեր տրամադրության անկումն ու վերելքը հիմնականում կախված է…
-Մարդկանց չարախոսությունից, վատ, բացասական էներգիայից, որ նրանք փոխանցում են: Եթե նույնիսկ անձամբ ներկա չեմ տվյալ միջավայրում, միեւնույնն է, ինձ վրա ազդում են նման խոսակցությունները:
-Չեք հիշում, թե վերջին անգամ երբ եք…
-Էկլերներ թխել, իսկ դա ինձ մոտ լավ է ստացվում:
-Ինքնախարազանվո՞ղ, թե՞ արդարացումներ փնտրող տեսակ եք:
-Ինքնախարազանվող, բայց վերջում անպայման ինքս ինձ հետ կոնսեսուսի եմ գալիս:
-Հաճա՞խ եք հարվածներ ստանում:
-Ոչ, որովհետեւ պաշտպանական ռեակցիաս բավական ուժեղ է:
-Ամեն դեպքում, Դուք էլ կունենաք Ձեր խոցելի կողմերը:
-Իհարկե, քանի դեռ արթնանում ենք, շնչում ենք, սիրում ենք, ունենք հիշողություն, չենք կարող խոցելի չլինել: Պարզապես ժամանակը կոփում է:
-Ձեր անձի շուրջ պտտվող ամենազվարճալի բամբասանքը:
-Ասում էին, թե, իբր, ամուսնալուծվել եմ եւ ապրում եմ մի դերասանի հետ: Նա, ով տարածել էր այդ սուտը, պնդում էր, թե մենք իր հարեւանությամբ ենք ապրում (ծիծաղում է):
-Եվ վերջում` ի՞նչ եք ուզում կյանքից:
-Ուզում եմ, որ այն, ինչ ունեմ, Աստված պահպանի, որովհետեւ ունենալը մի արվեստ է, ունեցածը պահպանելը` այլ:
Աննա Բաբաջանյան