Սահմանագոտու անասնատերերը դժվար կացության մեջ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկայումս Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար գյուղում 20-25 կգ քաշով անասնակեր խոտի հակը (տուկը) դաշտում վաճառվում է 1000 դրամով, իսկ եթե այն բեռնատար տրանսպորտով տեղափոխվում է գնորդին, մեկ հակի գինը կազմում է մոտ 1200 դրամ։ Ոսկեպարի բնակիչները հայտնեցին, որ անասնակերի խոտի գինը գրեթե կրկնակի բարձր է անցյալ տարվա գնից։ Ոսկեպարցիները չեն մշակում իրենց վարելահողերը, վարուցանք չեն անում, քանի որ անասնապահությամբ զբաղվելը տնտեսապես ավելի ձեռնտու է:

Խոտի գնի բարձրացումը դժվար կացության է դրել սահմանագոտու անասնատերերին։ Նրանցից շատերը, օգտվելով գյուղատնտեսական էժան վարկերից, անասուններ են գնել, ավելացրել դրանց գլխաքանակը եւ այժմ կանգնած են անասունները անասնակերով ապահովելու, վերցրած վարկերը մարելու դժվարությունների առաջ։

Խոտի գնի թանկացման պատճառն այս տարվա երաշտն է։ Անցած ձմռանը ձյուն գրեթե չտեղաց, հողը չհագեցավ անհրաժեշտ խոնավությամբ, իսկ գարնանային անձրեւները չէին կարող լրացնել սակավաձյուն ձմեռվա պատճառով պակասող խոնավությունը։

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս