Իջեւանի ավագանու նախկին անդամ Վալերի Մելիքբեկյանը, քաղաքի նախկին կենցաղի տան հարակից գոտում զբոսայգու կառուցապատման կապակցությամբ Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի ոչ իրավաչափ գործողությունները վիճարկելով, դիմել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան:
Դատարանը հայցը վարույթ չի ընդունել, Վ. Մելիքբեկյանը դիմել է վարչական դատարան եւ պնդում է, որ զբոսայգու համար նախատեսված տարածքն իր սեփականությունն է, ինքն ունի այդ տարածքի սեփականության իրավունքի գրանցման վկայական: Վ. Ղալումյանն էլ «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ 2006թ. ուժի մեջ մտած կառավարության որոշմամբ 520․7 հեկտար հողերը սեփականության իրավունքով փոխանցվել են Իջեւան համայնքին, ստացել պետական գրանցում, կառուցապատվող զբոսայգու տարածքը ներառած է այդ հողերի մեջ:
Բայց սա միակ պատմությունը չէ, որ կապված է այդ տարածքի հետ: Վ. Մելիքբեկյանի կինը` Նարինե Մելիքբեկյանն էլ դիմել է ոստիկանության Իջեւանի բաժին` հայտնելով, որ հունիսի 15-ին Վ. Ղալումյանը կառուցապատվող զբոսայգու տարածքում իրեն հարվածել է:
Քաղաքապետն ասաց, որ ինքը նրան չի հարվածել, հրել, այդ օրը` հունիսի 15-ին, քաղաքապետարանի աշխատակիցները շաբաթօրյակ են անցկացրել, կառուցվող զբոսայգու տարածքը մաքրել տարատեսակ աղբից, իսկ այգու կառուցապատման դեմ բողոքող 4 կանայք` Վ․ Մելիքբեկյանի հարազատները, խոչընդոտել են զբոսայգու տարածքում սալիկների տեղադրմանը, պոկել են սալիկների տեղադրման համար քաշված լարերը, խանգարել աղբատար մեքենայով տարածքից աղբի հեռացմանը: Սակայն ՀՀ ոստիկանությունը նման արձանագրում չունի:
Վ. Ղալումյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ քաղաքապետարանը դիմել է անշարժ գույքի կադաստրին կից «Գեոդեզիա եւ քարտեզագրություն» ՊՈԱԿ, որպեսզի պարզվի Վ. Մելիքբեկյանի կողմից սեփականության համարվող հողամասի գտնվելու վայրը: Ստացված պատասխանում նշված է, որ Իջեւանի Գանինի փողոցում պուրակի շինարարական աշխատանքները կատարվում են համայնքային սեփականություն համարվող հողամասում:
Քաղաքապետարանը նաեւ դիմել է նոտարական գրասենյակ` պարզելու Վ. Մելիքբեկյանի հողամասի օտարման իրավական հիմքերը: Նոտարական գրասենյակից պատասխան է ստացել, որ այդ հողամասի վարձակալության վերաբերյալ Իջեւանի քաղաքապետարանի եւ Իջեւանի բնակիչ Նաիրա Գեւորգյանի միջեւ վարձակալության վերաբերյալ նոտարի գրանցամատյանում վարձակալության պայմանագիր է ձեւակերպվել, սակայն անշարժ գույքի կադաստրում ներկայացվել է առքուվաճառքի պայմանագիր, Ն. Գեւորգյանին տրվել է սեփականության իրավունքի վկայական:
Քաղաքապետարանից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ Ն. Գեւորգյանը հողամասի աճուրդին չի մասնակցել. Իջեւանի նախկին քաղաքապետը, նրան հրավիրելով, ստորագրել է տվել հողամասին վերաբերող փաստաթղթերի տակ, Ն. Գեւորգյանի ընտանիքի անդամները տեղյակ չեն եղել հողամասի ձեռքբերումից: Ավելին, նախկին քաղաքապետը 2011թ. Ն. Գեւորգյանին առաջարկել է, որ այդ հողամասը ձեւակերպվի իր կնոջ հորեղբոր անունով: 2006-ին` այդ հողամասը օտարելու ժամանակ, Իջեւանի բոլոր հողերը համարվել են պետական սեփականություն, եւ առանց լիազոր մարմնի` պետության, քաղաքապետարանը իրավունք չուներ հողամասն օտարելու:
Ոսկան Սարգսյան
Տավուշ