Իջևանի քաղաքապետը՝ իրեն առաջադրված մեղադրանքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բացարձակ չեմ ընդունում ինձ առաջադրված մեղադրանքը, որովհետև ես աշխատել եմ օրենքի շրջանակներում Հայաստանի հանրապետության օրենսդրությամբ, սահմանադրությամբ ինձ մեղավոր չեմ ճանաչում: Անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին՝ այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը:

«Մեղադրանք բոլորին կարող են առաջադրել, բայց պետք է հիմնավորեն՝ ինչու են մեղադրանք առաջադրում: Ես ընդհանրապես չարաշահումներ չեմ ունեցել և չեմ էլ ունենա: Ինձ բացարձակ հետաքրքրիր չէ, ես իմ աշխատանքով եմ զբաղվում»,-ասաց նա:

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Իջևանի համայնքապետարանում կատարված առերևույթ չարաշահումների դեպքի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավարին և ՓԲԸ բյուջետային հիմնարկի տնօրենին:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Իջևան համայնքի ղեկավարը, 2011թ-ից զբաղեցնելով նշված պաշտոնը, 2016թ. իր ընկերոջ կնոջը նշանակելով ՓԲԸ բյուջետային հիմնարկի տնօրեն, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ թույլատրել է նրան 2017 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ը աշխատանքի չներկայանալ և չիրականացնել աշխատանքային պարտականությունները, քանի որ վերջինս 2017 թվականին տեղափոխվել է Երևան քաղաք:

Լիդա Եղիազարյան




Լրահոս